Միավորված աշխատանքային կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրելու, իսկ այլ թեկնածուին սատարել-չսատարելու մասին դեռեւս որոշում չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ ղեկավար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա նշեց, որ սատարել, չսատարելու հարցը պարզ կլինի, երբ թեկնածուներ եւ ծրագրեր լինեն: Այդ ժամանակ կուսակցությունը քաղխորհրդի նիստ կհրավիրի եւ կորոշի սատարում են որեւէ թկենածուի, թե ոչ: Հավանաբար, քաղխորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի սկզբին եւ եթե լինեն իրենց հոգեհարազատ ծրագրեր, ապա կոչ կանեն քվեարկել այդ թեկնածուի օգտին: Ի սկզբանե չեն բացառում որեւէ թեկնածուին չսատարելը: Ինչ վերաբերում է ԲՀԿ անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջադրմանը, ապա Գուրգեն Արսենյանը նշեց, որ Վարդան Օսկանյանի առաջադրման հարցով ցանկացած որոշում պետք է կայացանի Վարդան Օսկանյանը: Գուրգեն Արսենյանը ենթադրում է, որ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, սակայն չի մանրամասնում, թե ով կլինի այդ թեկնածուն:
«ԲՀԿ քաղաքական կառույցի ղեկավարը որոշում է ընդունել, այդ որոշումը մենք հարգում ենք, ամեն մարդ պատասխանատու է իր կողմից ընդունվող որոշումների համար, այդ որոշումը մենք հարգում ենք: Ինչ վերաբերում է որեւէ թեկնածուին չսատարելու, ապա, կարծում ենք, քաղաքական կուսակցության դիրքորոշումը կյանքի իրավունք ունի»,- անդրադառնալով ԲՀԿ-ի ընտրություններին սեփական թկենածու չառաջադրելու եւ ոչ մեկին չսատարելու հայտարարությանը` ասաց նա:
Իսկ թե ինչ կլինի ԲՀԿ-ի ընտրազանգվածի հետ, որ թեկնածուի օգտին կգնան այդ ձայները, նա նշեց, որ իրենց ընտրազանգվածը ընտրությունը կատարում է ոչ թե կոլեգիալ, այլ ամեն մեկը առանձին առանձին:




























