«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի հանդիպել մրցակից թեկնածուների հետ, ընթերցել է միայն նրանց հրապարակային կոչերը: Այս մասին այսօր՝  հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ այս մի քանի օրերի ընթացքում, անգամ քարոզարշավի մեկնարկից հետո հնարավոր է հանդիպի մրցակից թեկնածուների հետ: Նա կարեւորեց քաղաքական կոնսոլիդիացիայի հասնելը, որը կարող է լինել թե հիմա, թե քարոզարշավի մեկնարկից հետո:

Անդրադառնալով նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլ հայտարարելու հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հացադուլը իր համար պրոբլեմ չէ, բայց կոչ արեց քաղաքագետ թեկնածուին չդիմել այդ քայլին, միաժամանակ նշեց, որ եթե նա սկսի հացադուլ, ապա ինքը առաջինը կայցելի եւ կխնդրի դուրս գալ հացադուլից: Նախագահի թեկնածուն կարծում է, որ նախագահական ընտրությունների արդյունքում առաջին տեղը պետք է զբաղեցնի Հայաստանի քաղաքացին, երկրորդ տեղի համար կմրցակցեն ինքը եւ Սերժ Սարգսյանը, եթե արդար ընտրություններ լինեն, ապա նախագահի թեկնածուն պատրաստ է շնորհավորել հաղթող թեկնածուին:

Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մրցայիցներին հաջողություն մաղթեց, իսկ իր հիմնական մրցակցին՝ Հայասռտանի նախագահ Սերժ Սարգսյանին, կոչ արեց կյանքի կոչել իր կողմից ուղարկված տասնհինգ կետերը, որոնք կապահովեն հավասար մրցակցային պայմաններ: Դրանք առնչվում են հանրային ողջ հատվածի ապակուսակցականացմանը, հանրային բոլոր շենքերից պիտի հանվեն կուսակցական նշանները, «Ընտրական օրենսգիրքը» խախտող պետական պաշտոնյան պատասխան պետք է տա, , պետք է բացառվի  ցանկացած սպառնալիք: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մի շաբաթ առաջ կազմակերպչական հանդիպումներ է ունեցել տարբեր մարզերում եւ իրեն ուղեկցել են ոստիկանության, ազգային անվտանգության ներկայացուցիչներ: Նախագահի թեկնածուն շեշտեց, որ փոխանակ արտաքին մարտահրավերներին պատասխան տան, անվատնգության մարմիններին գործողում են սեփական քաղաքացիներին նկարահանելու եւ ահաբեկելու համար:

Ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը  Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին հեռուստատեսությամբ հրավիրում է բանավեճի, հարմար պահի, հարմար վայրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am