News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես հերքել է մասոնական կառույցների հետ իր առնչություն ունենալու վերաբերյալ հայտարարությունները: «Ես եւ հայրիկս` Ռիչարդ Հովհաննիսյանը կապ չենք ունեցել մասոնության եւ այդ կազմակերպության անդամների հետ»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, ավելացնելով, որ վատ բան չի տեսնում մասոնական կազմակերպությանը պատկանելու մեջ:

Հիշեցնենք, որ օրերս նախագահի թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել է մասոնական մի կազմակերպություն, որի անդամ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, Հովհաննիսյանը նշել է, որ ամեն մեկն իր սեփական կարծիքն ունենալու իրավունքն ունի, բայց ստի եւ զրպարտանքի համար պետք է պատասխան տալ օրենքի առջեւ: Միաժամանակ նա չի պատրաստվում դատարան դիմել:  «Եթե նա հայտարարում է այն մասին, որ ես կապ ունեմ բռնության հետ (նկատի ունի Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը-խմբ), ապա պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ եւ ցուցմունք տալ դատախազությունում»,-խոստացել է Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը Սեդրակյանի այն հայտարարությունը, որ ինքը ծանոթ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ իրենք զրուցել են տարբեր թեմաների շուրջ, Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սեդրակյանը հանդիսանում է իր մերձավոր համախոհ Անահիտ Բախշյանի աշակերտը: «Մի քանի տարի առաջ Բախշյանը ծանոթացրել է մեզ եւ այդ հանդիպման ընթացքում Սեդրակյանը փորձել է ինձ վերագրել էպոսի հերոսներից մեկի հատկությունները»: Իսկ թե հատկապես որ մեկի` Հովհաննիսյանը չի մանրամասնել, սակայն նշել է, որ համեստությունը թույլ չի տվել իրեն համաձայնել այդ պնդման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ