«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում է 21 միլիոն դրամի յուրացման մեջ, նշելով, որ Մակեյանի պատճառով կորցրել են կուսակցության տարածքները: Այս մասին նա ասաց այսօր` փետրվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Վերջինս պատմեց, որ վեց ամիս առաջ կուսակցությունը զրկվել է գրասենյակից դատարանի որոշմամբ: «320 քմ տարածքը պետականցվել է: Ի պատասխան այդ գործողությունների Մակեյանն ասել է, որ 2006թ-ին սոցապ հիմնադրամից Վազգեն Խաչիկյանն առաջարկել է, որ իրենց տարածք կտրամադրեն: Ընդ որում, բացի ձեւակերպված գումարից առաջարկել են նաեւ ստվերային չափաբաժին, որից հրաժարվել են: Միայն հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական խնդրանքը եւ հավաստիացումները, որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվելու սոցապ հիմնադրամին համաձայնել է ու կուսակցությանը 80 տարով վարձակալության է հանձնել: Իսկ 95 տարվա պայմանագիրը դարձրել է 5 տարվա պայմանագիր»,- պատմեց Ղուկաս Մեհրաբյանը եւ ավելացրեց, որ ՀՀ ոչ մի օրենք չի թույլատրում, որ կուսակցությունը շահույթ ունենա: Արդյունքում` կուսակցության տարածքը վարձակալության է տվել սոցապ հիմնադրամին եւ երեք տարվա մեջ 21.5 միլիոն դրամ է ստացել եւ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը:
Ըստ Ղուկաս Մեհրաբյանի, իրենք կուսակցության գրասենյակ չունեն եւ նիստերն անում էին ուր պատահի, մի օր ՀԺԿ-ում, մի օր «Ազատ դեմոկրատներում» կամ տանը:
Աջափնյակում գրասենյակ ունեն, որտեղ կուսակցությունից հեռացվածներն են հավաքվում: Հարցին, թե ինչպես է տեսնում կուսակցության ապագան, Մեհրաբյանը պատասխանեց, որ կվերականգնվի կուսակցության տարածքը եւ նոր նախագահ կընտրվի, իսկ դատախազություն դիմելու գործընթացը ընթացքի մեջ է: Նրա խոսքով` որպես ժողովրադավարական կուսակցություն կարող են գործը դատարան չհասցնել, եթե Մակեյանը համաձայնի , որ նրան փոխարինի երիտասարդ նախագահ: Դիտարկմանը, թե ինչու են միայն մի քանի հոգի բարձրաձայնում այդ մասին, Մեհրաբյանն ասաց, որ մյուսները տեղյակ չեն այդ մասին:
Հիշեցնենք, որ վերջերս Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հեռացվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից:




























