News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ի՞նչ բնույթի են հաղորդումները, ի՞նչ են պարունակում:

ԻՆչպես ասացի, մի մասը ազգային երաժշտություն է, մյուսը` հաղորդումներ թալիշների պատմության, մշակույթի, ծագման, թալիշ ժողովրդի մեծերի ու նրանց կյանքի, անցած ուղու մասին: Որոշ նյութեր մենք եթեր ենք արձակում նաև ադրբեջաներեն` իրենց լեզուն մոռացության մատնած թալիշների համար: Շաբաթը մի քանի անգամ հարցազրույցներ ենք տալիս ինչպես մեր գիտնականների, այնպես էլ արտասահմանցիների հետ: Օրինակ, հենց վերջերս հեռարձակվեց ծավալուն հարցազրույց (թալիշերեն և ադրբեջաներեն) գերմանացի կովկասագետ Վոլֆգանգ Շուլցեի հետ, որը խոսեց նաև լեզգիների մասին: Ի դեպ, դա վերջիններիս շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց, որոնք նամակներով խնդրում էին կրկնել հաղորդումը, ու մենք էլ կրկնեցինք այն: Նյութերի մի առանձին կատեգորիա են կազմում, այսպես կոչված, «երկրային» հաղորդումները, այսինքն` հենց երկրից, Թալիշստանի տարածքից ու Ադրբեջանի այլ վայրերից թալիշների` իրենց իսկ արտասանությամբ բանաստեղծությունները, փոքր պատմվածքները, կոչերը և այլն: Բացի այդ, պարբերաբար հեռարձակում ենք «մաըրիֆաթի» մասին զրույցներ, որոնք բարոյա-խրատական ու կրոնական բնույթ են կրում: Հաղորդում ենք նաև Ղուրանից հատվածներ` թալիշերեն թարգմանությամբ: Հընթացս, ի դեպ, պատրաստում ենք Ղուրանի թալիշերեն թարգմանությունը: Իսկ շիա թալիշների համար մտածել ենք թարգմանաբար ներկայացնել հատվածներ նաև Նահջ ուլ-Բալաղայից, որը վերագրվում է շիաների առաջին իմամ Ալի իբն Աբիթալիբին:

Փաստորեն, դուք թալիշներին ներկայացնում եք նաեւ իրենց կրոնը:

Այո, և դա շատ լավ է ընդունվում ունկնդիրների կողմից: Բայց ի նկատի ունեցեք, որ մենք կրոնական սուրբ գրքերը ներկայացնում ենք թալիշերեն, հենց ժողովրդի լեզվով և ոչ թե արաբերեն: Հավատացյալ մուսուլմանի, այն էլ ճնշված մի ազգի զավակի համար դա հսկայական նշանակություն ունի: Մենք բավարարում ենք ոչ միայն մարդու հոգևոր պահանջները, այլև բարձրացնում ենք նրա ազգային ոգին: Դա թալիշների պատմության մեջ աննախադեպ մի երույթ է: Մտադիր ենք Ղուրանի առանձին սուրաների ու Նահջ ուլ-Բալաղայի խուտբաների թալիշերեն մի ընտրանի հրատարակել առաջիկայում: Եվ այս կարևոր, մարդկային հոգու ամենանվիրական ծալքերը շոշափող երևույթը` զանգվածային լրատվության միջոցով և սեփական լեզվով իրենց կրոնին հաղորդակցվելը թալիշները կապելու են Հայաստանի ու քրիստոնեա հայ ժողովրդի հետ: Սա խոսում է այն մասին նաև, որ մենք երբեք խնդիրներ չենք ունեցել իսլամի` որպես կրոնական գաղափարախոսության հետ. Թալիշներն ասում են` «խըդո յաքե դարգոհ հազոր», այսինքն` Աստված մեկն է, բայց նրան տանող ճանապարհները` հազար: Միով բանիվ, «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գաղափարական ամբողջ կառույցը հենվում է եղբայրության, բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա. դրա վերջնական նպատակը տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարի իրագործմանը նպաստելն է:

Ձեզ համար անձամբ ի՞նչ նոր բան բացահայտեց ռադիոն:

Անակնկալ էր մեզ համար, օրինակ, այսպես կոչված, «անթեղված ինքնություն» ունեցող էթնոսների, կարծես թե, արթնացումը, նրանց բուռն արձագանքը թալիշական ռադիոհաղորդումներին:

Ի՞նչ ասել է «անթեղված ինքնություն»:

Այսինքն` тлеющий идендитет, այն ինքնությունը, որը ավելի շուտ ենթագիտակցական բնույթ ունի, բայց միշտ կենդանի է ու ինչ-որ ազդակի ներգործությամբ կարող է բոցավառվել կամ` ժամանակի ընթացքում ամբողջությամբ խամրել: Ես ի նկատի ունեմ թաթերին կամ փարսերին, որոնք իրանական էթնոս են և ներկայումս կանգնած են ուծացման եզրին: Նրանց թիվը մեկ միլիոնից պակաս չէ, բայց մեծ մասը խոսում է ադրբեջաներեն: Պետք է խոստովանեմ, ես թաթերին երբեք լուրջ չեմ ընդունել` համարելով նրանց արդեն սեփական դիմագիծը կորցրած միավոր` անդառնալիորեն թուրքացած կամ թրքության եզրին կանգնած: Բայց արի՛ ու տես: Ահա այս թաթերի ոգեշունչ արձագանքը, իրոք, անսպասելի էր: Այդ պատճառով էլ մենք ստիպված եղանք ռադիոյի ծրագրերում ընդգրկել նաև թաթերեն ու թաթերի մասին նյութեր: Ինչպես տեսնում եմ, մեր ռադիոն զգալի դեր է խաղալու նաև թաթերի ինքնության արթնացման գործում:

 Ինչ է, թաթերենի մասնագե՞տ էլ ունեք և առհասարակ չե՞ք մտածում ռադիոհաղորդումները ընդարձակելու մասին:

Իհարկե, ունենք մասնագետներ, և ոչ միայն թաթերենի ու թալիշերենի… Ինչ վերաբերում է ծրագրերի ընդարձակմանը, ապա, իսկապես, իմ խորին համոզմամբ հաղորդումները չպետք է երեք ժամից պակաս լինեն, ու դրանք պիտի ընդգրկեն ոչ միայն թալիշների, այլ նաև թաթերի ու երբեմն էլ Ադրբեջանում ապրող հյուսիս-կովկասյան ժողովուրդների մասին նյութեր` թե ադրբեջաներեն, թե իրենց լեզուներով: Առայժմ դա հնարավոր չէ, որովհետև միայն օրը մեկ ժամով տրվող հաղորդումների վրա աշխատում են` իրենց հիմնական գործին զուգահեռ, մեր ամբիոնի 10-15 աշխատակից` անընդմեջ եղանակով: Շնորհիվ մեր գործընկեր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ջանքերի, կարողանում ենք այս օրնիբուն աշխատող երիտասարդներից ապահովել միայն երկուսի` թալիշական բարբառների կրողների աշխատավարձը, իսկ հաղորդումների ձայնագրման ու եթերի պատրաստման ծանր բեռը կրում է «Իմպուլս» ռադիոկայանը: Այսպես չպետք է լինի. նման ծավալի լայնամասշտաբ ազգային ծրագրերը պահանջում են համակարգային ու լուրջ վերաբերմունք` միայն մասնավոր միջոցների և մարդկանց էնտուզիազմի ու նվիրումի վրա հիմնված պրոեկտները երկարաժամկետ կտրվածքով չեն կարող կենսունակ և արդյունավետ լինել: Դա հանրահայտ իրողություն է: Ես ակնկալում եմ հիմնարար և ինստիտուցիոն մոտեցում այս խնդրին:

Ի նկատի ունեք, որ եթե լուրջ օժանդակություն ձեր խմբին չցուցաբերվի, գործը կարող է մի օր տապալվե՞լ:

Ուզում եմ ասել` և խոսքս թող մեծադղորդ չհնչի, որ նման պրոեկտները պետք է գնահատել ռեգիոնալ գերտերության կատեգորիաներով ու ձևաչափերով միայն: Ցանկացած այլ մոտեցում անպայման մի օր կհանգեցնի ֆիասկոյի: Գիտեք, ես սովոր եմ ինչ սկսում եմ հասցնել իր ավարտին ու, Աստծու ողորմածությամբ, ինչ ծրագրել եմ անպայման իրականություն եմ դարձրել` լինի դա զազա ժողովրդի (մոտ 5 միլիոնանոց) կոնսոլիդացիայի ու ձևավորման պրոցեսի խթանումը, թե՛ քրդական ազգայնական ծայրահեղական գործոնի չեզոքացնելը Հայաստանում (պրեվենտիվ քաղաքական չափազանց կարևոր մի քայլ), թե՛ Եվրոպայի կենտրոնում ներկայումս ամենառեյտինգային արևելագիտական-կովկասագիտական միջազգային գրախոսվող հանդեսի` Iran and the Caucasus-ի հիմնադրումն ու 17 տարի անընդմեջ հրատարակումը, թե՛ Լոնդոնում քրդական առաջին միջազգային տարեգրքի` Acta Kurdica-ի լույս ընծայումը, թե՛ արևելագիտական-իրանագիտական հզոր դպրոցի ստեղծումը, թե՛ տասնյակ կարևորագույն միջազգային գիտաքաղաքական համաժողովների կազմակերպումը (այդ թվում երկու թալիշագիտական), թե՛ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը համաշխարհային խոշորագույն կենտրոն դարձնելը և այլն, և այլն… Ու այս բոլորը իրագործել եմ մի խումբ իմ` Ազգային Գաղափարին անմնացորդ նվիրված հավատարիմ աշակերտների ու համախոհների հետ` առանց որևէ ակնկալիքի ու օգնության և միշտ պայքարով, պայքարով` հաղթահարելով հատուկ ստեղծված խոչընդոտները, անգամ արտասահմանյան քաղաքացիների միոցով կազմակերպված տմարդի պրովոկացիաները, չարախոսությունն ու ոչ պրոֆեսիոնալ ու տգետ գնահատականների պատճառով առաջացած անանց մացառուտները… Այս ծրագրերից յուրաքանչյուրը, որոնք ինձ համար եղել են առտնին խնդիրներ և որոնց մասին ես միշտ գերադասել եմ լռել, ցանկացած մարդու համար, մանավանդ փոքր-ինչ «շուստրի», կարող էր դառնալ բազում հասարակական, քաղաքական, գիտական ու ֆինանսական դիվիդենտների աղբյուր: Իսկ ես միշտ հրճվել եմ, երբ դրանք «չեն նկատվել», քանզի «նկատվել» իմ դեպքում տևապես նշանակել է դառնալ հարձակումների ու սադրանքների թիրախ: Ի դեպ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ քրդական պրոեկտը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի և երջանկահիշատակ Լենդրուշ Խուրշուդյանի գործուն օգնությունը, որը երբեք չեմ կարող մոռանալ: Օրինակ, տեսեք, Iran and the Caucasus-ը, որն արդեն, ինչպես ասացի, 17 տարի անընդմեջ հրատարակվում է Լեյդենում (ներկայումս տարին չորս համար), որն աշխարհի երկու-երեք արևելագիտական-կովկասագիտական ակադեմիական գրախոսվող իմպաքտ ֆակտորով հանդեսներից է, որի էջերում պատիվ են համարում տպագրվել համաշխարհային արևելագիտության ու քաղաքագիտության խոշորագույն հեղինակությունները` Ճապոնիայից ու Չինաստանից մինչև Եվրոպա ու ԱՄՆ, հանդես, որն այսօր արևելագիտության մի քանի հրատապ ոլորտներում` նախ և առաջ տարածաշրջանային զարգացումների, էթնո-լեզվաբանության, էթնոլոգիայի, քոչվոր և կիսաքոչվոր հանրույթների ուսումնասիրության առումով հիմնական առաջատարն ու տոն տվողն է աշխարհում, հանդես, որը պատիվ կբերեր ցանկացած գերտերության… Արդյոք որևէ մեկը գիտե՞ այդ մասին Հայաստանում: Ո՛չ: Այնպես որ, իմ որևէ նախաձեռնության հանդեպ գոնե չեզոք վերաբերմունքը ես դիտել եմ միշտ որպես «օժանդակության» նման մի բան: Բայց մեր զրույցի առարկան այլ է. այստեղ մենք իսկապես կարիք ունենք լուրջ և, ինչպես ասացի, համակարգային օգնության: Սա արդեն երկար ու անվերջ պրոցես է` իր ուրույն պահանջներով ու մեթոդոլոգիայով: Ասեմ նաև, որ ներկայիս դրությամբ մենք օգտագործում ենք մեր առկա ներուժի 25-30 տոկոսից ոչ ավելին:

Հույս ունենանք, որ այս կարևոր գործը կարժանանա հատուկ ուշադրության, բայց հընթացս` մինչ մյուս հարցին անցնելը, կուզենայի իմանալ, թե ինչպես կմեկնաբանեիք նշված երևույթը, ու մեկ էլ` արեւելագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության խնդիրը ի՞նչ փուլում է գտնվում:

Նախ, երևույթի մասին: Կուզենայի խնդրին մոտենալ ավելի կատեգորիալ ձևով` չառանձնացնելով իմ անձը որպես բացառիկ ու հատուկ դեպք: Իհարկե, առաջ ինձ թվում էր, որ մեր ժողովուրդը թևակոխել է իր գոյության` Լև Գումիլյովի ասած, օբսկուրացիայի փուլը և դրանից շատ տխրում էի, չնայած խոչընդոտները ինձ մշտապես ավելի են կարծրացրել ու մղել դեպի նպատակը: Հիմա եկել եմ այն համոզման, որ մեր ամբողջ ներցեղային գոյապայքարի առանցքը դարերով կազմել է վերևում նշված խոսքի մարդկանց, այն է` դատարկաբանների ու կենաց ասողների, կռիվը գործի նվիրյալների դեմ: Կախված նրանից, թե այդ երկու խմբերից որն է հաղթել մեր պատմության այս կամ այն հանգրվանում` պարտվել ենք կամ եղել հաջողակ: Դրա լավագույն օրինակը վերջին նախագահական ընտրություններն էին` վիրտուալ կյանքով ապրող ու սին կարգախոսներով տոգորված  «բարև տվողների» պայքարը այս երկիրը ինչ-որ պրագմատիկ հիմքի վրա դնելու փորձ անող մարդկանց դեմ: Սա պարզ սխեմա է, ու եթե լավ մտածեք, դրա բազում օրինակները կգտնեք: Կարդացեք Խորենացու «Ողբն» ու Խնկո Ապոր «Մկների ժողովը»: Դատելով այն բանից, թե ինչ ենք ունեցել ու ինչ է մնացել այսօր, կարող ենք վստահությամբ եզրակացնել, որ «ճառ ասողները» մեզանում միշտ գերակշռել են`                                           թե՛ քանակապես և թե՛ իրենց հասարակական դիրքով: Ասելով խոսք, ես, իհարկե, ի նկատի չունեմ Խոսքը` Բան իմաստով, բառ ու բանը, մշակույթը, այլ` գալաջին, դատարկաբանությունը, փուչ հայրենասիրական ճամարտակությւոնն ու կենացի ժանրը: Ահա այս ֆոնի վրա եմ ես դիտում իմ «քեյսը»` եթե խոսենք գլենդելահայերի ժարգոնով: Ինչ վերաբերում է արևելագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններին, ապա, իրոք, պրն. Մելիքյանը, պարտվելով հանդերձ, նշանակվեց մեկ տարի ժամկետով դեկանի պաշտոնակատար, որը ձգվեց և` ի խախտումն համալսարանի կանոնադրության, շարունակվում է ահա չորս տարի…

Իմիջիայլոց, համացանցում դրված է «Շիրվան, Առան, Ազերբայջան» միջազգային գիտաժողովի հայտը, որը, կարծեմ, Ձեր թիմն է կազմակերպում: Դա ի՞նչ միջոցառում է:

Դա գիտաքաղաքական միջազգային մի համաժողով է, որը նախատեսվում է կազմակերպել ս.թ. նոյեմբերին Երևանում: Բավական թվով գիտնականներ են գալու տարբեր երկրներից` Ռուսաստանից, Իրանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից… Թեման շատ հրատապ է` և՛ զուտ գիտական, և՛ քաղաքական առումներով: Շոշափվելու են ներկայիս Ադրբեջանի Հանրապետության (Շիրվան և Առան) և Իրանի հյուսիս-արևմտյան տարածքի (Ատրպատական/Ազերբայջան) հետ կապված պատմական, քաղաքական, էթնո-դեմոգրաֆիական, մշակութային և այլ խնդիրներ: Մասնավորապես արծարծվելու են ադրբեջանցիների էթնոգենեզի և Ադրբեջանի Հանրապետությունում ապրող փոքրամասնությունների, այդ թվում թալիշների և հարավային Կովկասի այլ բնիկ ժողովուրդների պատմական ճակատագրին առնչվող հարցեր:

Եվ իմ վերջին հարցը: Պրն. Ասատրյան, թեկուզ մի ժամ տեւող ռադիոհաղորդում պատրաստելը բավականին բարդ գործ է. ինչպե՞ս եք կարողանում նման ծավալուն ծրագիր իրականացնել և ի՞նչ ուժերով:

Ես արդեն ասացի, որ ամբողջ գործը կատարվում է մեր ամբիոնի աշխատակիցների ջանքերով: Ամբիոնն ունի ինչպես լայն պրոֆիլի արևելագետներ, այնպես էլ նեղ մասնագետներ` ադրբեջանագետներ, թաթագետներ, իրանագետներ` թալիշերենի տարբեր բարբառներով խոսող իրանագետներ` մարդիկ, որոնք ձևավորում են ռադիոհաղորդումների ամբողջական մարմինը: Ինչպես արդեն նշել եմ իմ վերջին հարցազրույցում, շատերին թվում է, թե «Թալիշստանի ձայնի» կյանքի կոչելը նույնն է, ինչ, ասենք, հայկական, ռուսական, անգլիական կամ ֆրանսիական մի ռադիոկայանի ստեղծումը: Ասել է թե` կարելի է գտնել լեզուն կրող մեկ-երկու հոգու, դրամական միջոցներ, ալիք և վերջ` ռադիոկայանը պատրաստ է: Երի՛ցս ոչ: Թալիշների նման ժողովուրդների լեզվով ռադիոհաղորդում հեռարձակելը հավասարազոր է զրոյից գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն: Ինչո՞ւ: Որովհետև թալիշերեն նորմատիվ լեզու գոյություն չունի, չկա այդ լեզվի քերականական, հնչյունաբանական, արտասանական նորմերի կայուն ավանդույթ, ժողովուրդը խոսում է տարբեր բարբառներով, խոսվածքներով ու դավանում է կրոնական տարբեր ուղղություններ, անգամ կան մշակութային տարբերություններ, ինքնության ընկալման նրբերանգներ, յուրօրինակ ազգային գաղափարախոսություն և ընկալումներ, որոնք տեսանելի և հասու են միայն նեղ մասնագետներին, նրանց, ովքեր տևական ժամանակ զբաղվել են թալիշների լուրջ ուսումնասիրությամբ: Գրավոր ավանդության ու համապատասխան բնագրերի, տերմինաբանության, արտահայտչամիջոցների բացակայությունը ստիպում է մեզ հենց տեղում` ոտքի վրա, քաղաքական, մշակութային, տնտեսական եզրույթներ ստեղծել: Դա հիրավի մասնագիտական լայն և խորը պատրասոտություն պահանջող, չափազանց դժվարին ու ծանր գործ է: «Թալիշստանի ձայնի» ամեն թողարկում պատրաստելիս, մեր ամբիոնում տեղի է ունենում համարյա թե երկու-երեք ժամանոց թեժ սեմինարի նման բան, որի ընթացքում քննարկվում են նյութերը` մեկ առ մեկ (թալիշերեն բարբառներով, ադրբեջաներենով, թաթերենով), ամեն բառ ու բառակապակցություն, միտք ու արտահայտություն: Օրինակ, «մոյնա» բառը հարավային թալիշերենում նշանակում է կով, երինջ, իսկ հյուսիսայինում` գեղեցիկ ու հաղթանդամ կին և այլն: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել` թյուրիմացություններից խուսափելու համար: Ես չափազանց ուրախ ու հպարտ եմ, որ իմ աշակերտները, որոնք արդեն գիտական միջազգային ասպարեզում մեծ հայտ են ներկայացրել, իրենց անմիջական գիտամանկավարժական պարտականություններին զուգահեռ, կամովին ու անվարձահատույց լծված են ռադիոկայանի աշխատանքներին: Գործին իրենց մասնակցությւոնն են բերում նաև թալիշագիտությամբ զբաղվող մեր մագիստրանտները: Պատկերացրեք, միայն բազմալեզու (թալիշերեն, թաթերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, քրդերեն, ռուսերեն, անգլերեն) նամակներն ու արձագանքները դասակարգելը, եթերի համար պատրաստելն ու դրանց պատասխանելը ինքնին կարևոր ու ծայր աստիճանի աշխատատար մի ոլորտ է` անընդմեջ մի պրոցես, որը զօր ու գիշեր իրենց ուսերին են կրում մեր աշխատակիցները: Էլ չեմ ասում ռադիոյին ու դրա արձագանքներին վերաբերող մշտական մոնիթորինգը մամուլում ու համացանցում: Ամբիոնում տիրում է մեծ ոգևորություն ու գործնական մթնոլորտ: Աշխատանքը շարունակվում է նաև, երբ մարդիկ ուշ երեկոյան տուն են վերադառնում: Ինձ հաճախ թվում է, որ գիշեր չկա` համատարած ցերեկ է, ու ես համալսարանում եմ ապրում…

Հաջողություն եմ ցանկանում Ձեզ, պրն. Ասատրյան, և շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: 

Ձեզ եմ շնորհակալ նման առիթ ստեղծելու համար:

Տպել
Ամենաշատ