Հայտնի են դարձել Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի զոհերի անունները:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:
Վթարի հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:
Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 1990 թ.ծնված Գրիգոր Ավետյանը, 1972 թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1992 թ. ծնված Նոնա եւ2003 թ. ծնված Վահե Թունյանները:
Ավելի վաղ Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը NEWS.am-ին պատմել էր, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա: «Մոտ հարազատներ էին, գնացել էին քեֆի, ձորում նստած էին, մեքենան, որի մեջ 9 հոգի է եղել, անցնում էր վերեւով, ընկել է ձորը, քեֆ անողների վրա, բոլոր փախել են, մեկը չի հասցրել, ընկել է իր վրա, նա տեղում մահացել է, 4 հոգի էլ մեքենայի ուղեւորներից են մահացել: Այդ պահին մեր վիրաբույժներից մեկը Տաթեւից վերադառնում էր Գորիս, անմիջապես իջել է ձոր, գնացել օգնություն ցուցաբերել եւ կազմակերպել նրանց տեղափոխումը»,-պատմել էր փոխտնօրենը:
Փաստորեն, պատահարի հետեւանքով տեղում մահացել է 5-ը, եւս հինգ հոգի տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, որոնցից մեկը, սակայն, այնտեղ է մահացել:
Նա նշել էր, որ իրենց հիվանդանոց տեղափոխված 5 անձանց երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր: Հետազոտությունների ընթացքում երկու տուժածների մոտ հայտնաբերվել է փայծաղի վնասում եւ անմիջապես երկուսին վիրահատել են: «Նրանցից մեկն ուներ նաեւ գանգուղեղային վնասվածք, գիտակցության խանգարումով, վիրահատության ընթացքում պարզվեց, որ փայծաղը ուղղակի տեղից պոկվել էր, 3 լիտր արյուն կար օրգանիզմում, մինչեւ վիրահատության ավարտը նա մահացավ, չհասցրինք: Երկրորդ տուժածի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, պետք է ամեն ինչ նորմալ լինի իր մոտ»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ տուժածների մեջ մի կին կա, որի վիճակը եւս ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, գանգուղեղային սալջարդով, քթից, ականջներից արյուն է հոսում, ունի աղիքի պատռվածք որովայնում, հնարավոր է` նրան տեղափոխեն Երեւան: Այս պահին նրան վիրահատում են, թեեւ բժիշկները քիչ հույսեր են տալիս:
Մյուս երկու տուժածները բաց կոտրվածքներ եւ պոլիտրավմաներ ունեն, բժիշկների հավաստմամբ` նրանց վիճակը կայուն է:
































