Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը մեղադրվում է տարբեր օրերի իր վարած «ԳԱԶել»-ում կնոջ 14-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 48-ամյա Անդրանիկ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում եւ 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած «ԳԱԶել» մակնիշի թիվ 58 համարի երթուղային տաքսու մեջ սեռական հարաբերություն է ունեցել, ակնհայտ 16 տարին չլրացած, փաստացի կնոջ` Թ. Բ.-ի 14-ամյա դստեր` Ե. Բ.-ի հետ:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մայիսի 2-ին տեղի է ունեցել առաջին դատական քննությունը:




























