Սայդա քաղաքի Աբրա թաղամասում լիբանանյան բանակի ուղեկալի վրա սալաֆիթների շեյխ Ահմադ ալ Ասիրի հարձակման հետեւանքով զոհվել են  յոթ զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ նշելով, որ զոհված զինծառայողների շարքում հայեր չկան: 

Ըստ Քանդահարյանի` Սայդայում այժմ բավական բարդ իրադրություն է, շարունակվում են մարտերը, սակայն բանակային  ստորաբաժանումներին հաջողվում է  հետ մղել զինված խմբավորումներին: 

Քանդահարյանը նշել է, որ Լիբանանի հարավում հայեր են ապրում, սակայն ներկայումս ռազմական գործողություններն ընթանում են այն բնակավայրերում, որտեղ հայեր չկան: Մինչ այժմ հարավում ապրող հայ համայնքը նյութական եւ ֆիզիկական կորուստներ չի կրել:  «Նախօրեին Բեյրութում նույնպես միջհամայնքային բախումներ են տեղի ունեցել: Մայրաքաղաքում լարվածություն է նկատվում, սակայն այն ոչ մի կապ չունի հայ համայնքի հետ: Դա ներմահմեդական կոնֆլիկտ է եւ չի կարող ներգրավել երկրի հայ բնակչությանը», - եզրակացրել է Քանդահարյանը: