Ռուսաստանի Բուրիաթիայի հանրապետությունում գտել են մի քանի օր առաջ կորած աղջնակի մարմինը՝ այլանդակված վիճակում: Մանկահասակ աղջկա կիսայրված մարմինը գտել են խարույկի մոտ:

Անհայտ մարդասպանի զոհ է դարձել Տուրունտաեւո գյուղի բնակչուհի, 10-ամյա Վերոնիկա Չերնիգովսկայան: Նա տնից դուրս է եկել հունիսի 23-ին, ժամը 12-ի սահմաններում, որպեսզի այցելի մոր տատիկին, իր ծննդյան օրվա առթիվ նրանից նվերներ ու շնորհավորանքներ ստանա, գրում է NEWSru.com-ը:

Աղջկա մայրը՝ Յուլյա Չերնիգովսկայան, պատմել է, որ աղջնակի մոտ ոչ փող է եղել, ոչ հեռախոս, ուստի դժվար թե փոքրիկը կողոպտիչների զոհ դառնար: Յուլյան անհանգստացել է միայն հաջորդ օրը, երբ դուստրը չի վերադարձել: Նա զանգահարել է տատիկին եւ պարզել, որ Վերոնիկան նրան չի այցելել:

Բոլոր վերջին օրերին աղջկան փնտրել են ոստիկաններն ու տեղի բնակիչները: Որոնումներին մասնակցել է մոտ 50 մարդ:

Հունիսի 26-ի երեկոյան անտառի Պեչի անվանումով հատվածում կամավորները հայտնաբերել են Վերոնիկայի մնացորդները:
Նախնական վարկածի համաձայն՝ հանցագործը Վերոնիկային խարույկի վրա է դրել, դրա համար էլ մարմինն այդպես այրված է: Վերջնական ճանաչման համար անհրաժեշտ կլինի գենետիկ փորձաքննություն իրականացնել:

Այդուհանդերձ, եւ ոստիկանները, եւ աղջկա ծնողները համոզված են, որ մնացորդները հենց նրանն են: Այդ մասին է վկայում հագուստի մնացորդը եւ հայտնաբերված դիակի չափերը: Հարակից բնակավայրերի բնակիչներն ասում են, որ այն վայրը, որտեղ գտել են մարմինը, թմրամոլների հավաքների վայրն է: