Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հոր՝  ինքնասպանության փորձ կատարած 65-ամյա Արտուշ Մարգարյանի վիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Բժշկի խոսքով` Արտուշ Մարգարյանը կարող է ինքնուրույն շնչել, անգամ ջուր կուլ տալ, արհեստական շնչառության ապարատը անջատվել է: Նրա գիտակցությունը սկսել է վերականգնվել, բայց դեռ խոսք հասկանալ, վերարտադրել չի կարող:

«Որպես հետեւանք ծանր շոկային վիճակի նրա մոտ արձանագրվել է իշեմիկ ինսուլտ, ինչի պատճառով էլ գիտակցությունը մասնակի է վերականգնվել, այսինքն` բացել է աչքերը, նայում է, ռեակցիաներ կան, բայց բանական շփում` խոսք հասկանալ, վերարտադրել, վերադարձնել, չի կարող: Շոկը ազդել է արյան շրջանառության վրա, ինչի հետեւանքով ուղեղի թերսնցում է եղել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Բժիշկը նշեց, որ նման բարդություններ լինում են տարբեր շոկային վիճակներից հետո, դրանք արագ չեն շտկվում եւ կարող են վերականգնվել միայն մասամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ վիրահատել:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան իսկույն ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: