Հնագետները Պոմպեյի ավերակներում հայտնաբերել են անձնական իրերով փայտե պահարան, որը փակ էր մնացել գրեթե 2000 տարի, գրել է The Guardian-ը։
Գտածոների թվում են արտաքինի խնամքի գործիքներ, օծանելիքի սրվակ, բրոնզե մետաղադրամներ, յուղաճրագ և ավելի քան 20 կախիկներով մանկական վզնոց։ Իրերը պահպանվել են Վիա դել Աբոնդանցա փողոցի տներից մեկում։ Սա հին հռոմեական քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն էր։ Քաղաքը կործանվել է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով։
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կրեպունդիա տեսակի վզնոցը, որն ավանդաբար կրում էին երեխաները։ Այն կազմված էր տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ կախազարդերից, որոնք, մասնավորապես, պատկերում էին Բես և Մերկուրիոս աստվածներին։ Զնգացող զարդերն օգնում էին ծնողներին հետևել երեխաներին, իսկ կախիկները կարող էին ծառայել որպես ճանաչման նշաններ։
«Կրեպունդիան հատուկ գործառույթ ուներ։ Այն հիշեցնում էր ծնողների մասին, որոնք, հնարավոր է, հեռու էին գտնվում», — պատմել է Պոմպեյի հնագիտական գոտու տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը։ Նրա խոսքով՝ նման զարդերը բնորոշ էին այն հասարակությանը, որտեղ մարդիկ հաճախ էին տեղափոխվում և ճանապարհորդում Միջերկրական ծովի տարածաշրջանում՝ իրենց մոտ պահելով անձնական իրերը։
Պահարանում հայտնաբերվել են նաև ունելի, օծանելիքի փոքրիկ ապակե սրվակ, խնկաման, բրոնզե ճրագ, խոհանոցային սպասք և 38 բրոնզե մետաղադրամ։ Իրերի թվում կար կապարե կշռաքարերով փայտե տուփ։ Հնագետների կարծիքով՝ այս գտածոները կարող են վկայել, որ տան բնակիչներից մեկը զբաղվել է առևտրով կամ որևէ այլ արհեստով։
Այն փաստը, որ դրամն ու անձնական իրերը մնացել են տեղում, կարող է վկայել ժայթքման ժամանակ տանտերերի հապճեպ փախուստի մասին։ Սակայն առայժմ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ում են պատկանել այդ իրերը և ինչ հանգամանքներում են դրանք թողնվել։
Տան մառանում հնագետները գտել են նաև ամֆորա, որի ներսում եղել են երկու մկան կմախքների բեկորներ։
Շենքի ճակատային հատվածն առաջին անգամ պեղվել է 1912 թվականին։ Նախկինում տունը կապում էին Կոռնելիոս Մաքսիմոս անունով մի մարդու հետ՝ հիմք ընդունելով հայտնաբերված արձանագրությունները, որոնք այսօր այլևս չեն պահպանվել։ Այժմ մասնագետներն ուսումնասիրում են ներքին տարածքները՝ հուշարձանի վերականգնման ավելի լայնածավալ ծրագրի շրջանակում։
Զուգահեռաբար պեղումները շարունակվում են Պոմպեյի արվարձանում գտնվող Միստերիաների վիլլայում։ Հնագետները մտադիր են ուսումնասիրել այն սենյակները, որտեղ ապրել են սպասավորները, այլ ոչ միայն տերերի՝ իրենց որմնանկարներով հայտնի շքասրահները։ Ցուխտրիգելի խոսքով՝ վիլլայի բնակիչների մեծամասնությունը հենց սպասավորներն էին, որոնց առօրյա կյանքը հազվադեպ է դարձել պատմական ուսումնասիրությունների առարկա։
Պոմպեյը թաղվել է հրաբխային նստվածքների տակ մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման ժամանակ։ Դրա շնորհիվ քաղաքում պահպանվել են շենքեր, կենցաղային իրեր և հռոմեացիների առօրյա կյանքի այլ վկայություններ։





























