Ժամանակակից Մեքսիկայի տարածքում գտնվող մայաների հնագույն Ակե քաղաքի բնակիչները քաղաքի անկումից հետո շուրջ 450 տարի շարունակել են ապրել մոնումենտալ կառույցների ավերակների մեջ։ Բնակավայրը լքելու փոխարեն նրանք փոքր տներ էին կառուցում քանդված քարե շինությունների միջև և հնագույն կառույցների բեկորներն օգտագործում նոր կացարաններ կառուցելու համար։ Այս եզրակացությանն է հանգել Վիրջինիայի համալսարանի մարդաբան Ռոբերտո Ռոսադո-Ռամիրեսը՝ ուսումնասիրելով Ակեում կյանքի հնագիտական վկայությունները։

Հետազոտությունը հրապարակվել է Latin American Antiquity ամսագրում։ Այն ցույց է տալիս, որ մայաների քաղաքական կենտրոնի անկումը չէր նշանակում տեղի համայնքի անհետացում․ հնագույն կառույցները շարունակում էին կարևոր դեր խաղալ մարդկանց կյանքում նույնիսկ իրենց սկզբնական նշանակությունը կորցնելուց հետո։

Մայաների քաղաքակրթության դասական ժամանակաշրջանում՝ մոտավորապես մեր թվարկության 300-900 թվականներին, Յուկատան թերակղզում գոյություն ունեին ծաղկուն քաղաքներ՝ տաճարներով, բուրգերով և մոնումենտալ քարե կառույցներով։ Սակայն այդ ժամանակաշրջանի ավարտին դրանցից շատերն անկում ապրեցին։ Ակեում 1000-1100 թվականների քաղաքական ցնցումներն ու երաշտներն արագացրին քաղաքային ենթակառուցվածքների քայքայումը։

Չնայած դրան՝ բնակավայրը չդատարկվեց։ Նախկին մոնումենտալ կենտրոնի տեղում ձևավորվեց նոր բնակելի թաղամաս՝ փայտե ձողերից ու ծղոտից կառուցված փոքր տներով։ Դրանց մակերեսը չէր գերազանցում մոտ 46 քառակուսի մետրը։ Այսօր այդ կառույցների տեղում տեսանելի են 96 փոքր բլրակներ։ Նոր տների հիմքերի համար բնակիչներն օգտագործում էին ավերված կառույցների քարե բլոկները։

Հնագետները հայտնաբերել են կավե թասեր, կենդանիների ոսկորներ, հացահատիկ աղալու քարեր և իլիկների մասեր, որոնք վկայում են տեղի բնակիչների առօրյա կյանքի մասին։ Գտածոները թվագրվում են 1100-1550 թվականներով։ Փլուզված քարե կառույցների շերտերի տակ հետազոտողները հայտնաբերել են նաև նույն ժամանակաշրջանի արտեֆակտներ, թաղումներ և կրոնական ծեսերի հետքեր, այդ թվում՝ խնկի օգտագործման վկայություններ։ Այս տվյալները հաստատում են, որ ավերակները մի քանի դար շարունակ մնացել են բնակեցված տարածքի մաս։

Ակեի ծաղկման շրջանում քաղաքի կենտրոնում կար սալարկված հրապարակ՝ շրջապատված յոթ քարե շենքերով։ Մոտ 13 մետր լայնությամբ ճանապարհը բնակավայրը կապում էր գրեթե 32 կիլոմետր հեռու գտնվող տարածաշրջանային Իցամալ կենտրոնի հետ։ Թեև Ակեի քաղաքական նշանակությունը ժամանակի ընթացքում նվազել էր, նրա տարածքը շարունակում էր համախմբել մարդկանց և կարևոր մնալ տեղի համայնքի համար։

Ռոսադո-Ռամիրեսի կարծիքով՝ այս պատմությունը կասկածի տակ է դնում հնագույն ավերակների՝ որպես լքված ու անկենդան տարածքների մասին տարածված պատկերացումը։ Իրականում ավերված շենքերը կարող էին հիմք դառնալ նոր բնակավայրերի համար, իսկ հին կառույցները՝ պահպանել իրենց սոցիալական ու կրոնական նշանակությունը նույնիսկ նախկին քաղաքական համակարգի անհետացումից հետո։

Ակեում կյանքի հետքերը նկատվում են մինչև XVI դարի երկրորդ կեսը։ Բնակավայրի մասին վերջին հայտնի հիշատակումը հանդիպում է 1567 թվականի պաշտոնական նամակում։ Դրանից հետո այն անհետանում է պատմական փաստաթղթերից։ Հետազոտողը ենթադրում է, որ իսպանական իշխանությունները կարող էին բնակիչներին հարկադրաբար վերաբնակեցնել մեկ այլ բնակավայրում, սակայն դրա փաստաթղթային ապացույցները դեռ բավարար չեն։

Այսօր Ակեում ապրում է մոտ 350 մարդ։ Հնագույն պատերի կողքին մարզահրապարակ կա, իսկ մայաների հին բուրգի գագաթին կաթոլիկ եկեղեցի է կանգնած։ Այսպիսով՝ հնագույն քաղաքի տարածքը շարունակում է բնակեցված մնալ ագամ իր նախկին քաղաքական կենտրոնի անկումից դարեր անց։