Ընդհանուր սահմանների  բացակայությունը որոշակի բարդություն է, սակայն այն խոչընդոտ չի դառնա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար: Այս մասին «Էխո Մոսկվիի» հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

Որպես օրինակ Գլազեւը մատնանշել է  Կալինինգրադի մարզը, որի հետ եւս սահման չկա:

Դիտարկմանը, որ Կալինինգրադի մարզը ելք ունի դեպի ծով՝ ի տարբերություն Հայաստանի, պաշտոնյան նշել է. «Ես ձեզ ծիծաղելի բան կպատմեմ: Հայաստանը նաեւ ԵՄ-ի հետ էր պատրաստվում Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել: Գիտե՞ք ինչ էր այնտեղ գրված: Այն ուկրաինական տարբերակի հետ միանգամայն նույնական էր, կարծես նույն փաստաթուղթը լիներ, թեեւ Ուկրաինան ունի ծով, Հայաստանը՝ ոչ: 

Երբ Եվրոպայի հետ Ուկրաինայի պայմանագրում գրվում է, որ Ուկրաինան  պարտավորվում է կատարել ԵՄ-ի կանոնները ձկնորսության եւ ակվակուլտուրայի վերաբերյալ, մենք հասկանում ենք: Իսկ երբ այդ նույնն է գրված  Հայաստանի հետ պայմանագրում, դա ինչի՞ մասին է վկայում: Այդ պայմանագրով Հայաստանը պարտավորվում է կատարել ԵՄ-ի կանոնները ձկնորսության, ակվակուլտուրայի եւ ծովային տրանսպորտի բնագավառում: Ինչի՞ մասին է դա վկայում: Այն մասին, թե ինչպես են պատրաստվում այդ պայմանագրերը: Դժբախտաբար, դրանք պարզապես պարտադրվում են:  Իսկապես,  ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի բարդություն է»: Սակայն, ըստ Գլազեւի, այն թույլատրվում է մաքսային օրենսգրքով:

 «Ակնհայտ է, որ մենք պետք է  Հայաստանի պետական սահմանը տրանսսահմանային գործողություններով հատող ապրանքների մշտադիտարկում անցկացնենք: Սակայն չի լինի ոչ մաքսային հարկ, ոչ մաքսային ձեւակերպում: Կլինի մշտադիտարկում, որի կանոնները սահմանված կլինեն հատուկ կերպով», - ասել է նա:

Պատասխանելով  հարցին, թե ինչպիսին է գործողությունների եւ Ուկրաինայի ու Հայաստանի հետ բանակցությունների ժամանակացույցը, նա նշել է, որ «մեր ղեկավարները որոշել են 2015թ. անցնել ինտեգրման նոր փուլի` Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ պատրաստվում է համաձայնագիր` Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ»:

«Մաքսային միությունը, միասնական տնտեսական տարածքը, գումարած դրան ներկայումս քննարկվում է, թե լրացուցիչ ինչ կարող է լինել. մասնավորապես, զարգացման ընդհանուր ռազմավարություն եւ այլն: Մենք ելնում ենք նրանից, որ պետությունները, որոնք պաշտոնապես ցանկություն են հայտնել միանալու, այսօրվա դրությամբ Ղրղըզստանն է, Հայաստանը (երբ մենք Հայաստանի ղեկավարությունից պաշտոնապես հայտարարություն ստանանք, մենք բանավոր ստացել ենք, բայց նաեւ փաստաթուղթ է պահանջվում): Միավորման ճանապարհային քարտեզ է մշակվում, եւ մենք ելնում ենք նրանից, որ այդ երկրները մեզ հետ միասին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ բանակցություններին: Ընդհանուր ըմբռնումն այն է, որ 2015-ին մենք պետք է միաժամանակ ավարտենք Եվրասիական տնտեսական միության ձեւավորումը եւ նոր անդամների միավորման ընթացակարգերը»:

«Կա նաեւ Տաջիկստանը որպես ԵվրԱզԷՍ-ի լիիրավ անդամ, որն իրավունք ունի մտնել Մաքսային միություն: Ուկրաինայի հետ հարաբերություններում, ինչպես ասում են, գնդակն ուկրաինական կողմում է: Եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, նա այդ գործընթացին չի կարող մասնակցել եւ չի մասնակցի»,-հստակեցրել է նա: