News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախկին նախարար, գրող Հովիկ Հովեյանն անձամբ չի առաջադրի իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովիկ Հովեյանը՝ անդրադառնալով Գրողների միության նախագահի պաշտոնում իր առաջադրվելու մասին լուրերին:

Նա նշեց, որ մինչեւ արտահերթ համագումարը դեռ բավական ժամանակ կա, եւ ցանկացած գրող, որ պետք է առաջադրվի, ինքը իր կամքով չի առաջադրվելու: «Եթե ես համոզվեցի, որ իմ ընկերները, գրչեղբայրները, իրականություն ստեղծող այն մարդիկ, ովքեր ինձ ցանկանում են եւ ուզում են տեսնել այդ պաշտոնին , ինձ առաջադրում են, ես չեմ հրաժարվի, բայց անհատի ցանկությունը այդ դեպքում քիչ բան է որոշում, սա այն դեպքն է, երբ պետք է համախոհներ ունենաս: Եթե ես զգամ, որ իմ համախոհների թիվը պատկառելի է, ես կփորձեմ այդ մարդկանց հույսերը արդարացնել»,- ասաց նա:

Մշակույթի նախկին նախարարը հերքեց տեղեկությունները, թե հանդիպումներ է ունենում, համախոհների ցուցակ է կազմում: «Ինչ-որ գրել են, իրենք սխալ են գրել, դուք պետք է ճշտեք, թե Վանաձորում երեկ ով է քարոզարշավ կազմակերպել: Երեկ Վանաձորում հավակնորդներից մեկը քարոզարշավ է կազմակերպել, բաց, գաղտնի քվեարկությամբ քվեարկել էր, երբ համագումարի օրը հայտնի չէ, մնում էր միայն «պադեզներում» էլ փակցնեին նկարները, ի՞նչ կարիք կա, սա քաղաքական ընտրություն չէ»,- ասաց նա:

Հովիկ Հովեյանը շեշտեց, որ իր թեկնածությունը ինքը չի առաջադրի, որովհետեւ դա ծիծաղելի է եւ ծիծաղելի է այնքան, որքան այսօր մարզերում իրականացվող քարոզարշավը, բայց չի առարկի, եթե իր թեկնածությունը առաջադրեն գործընկերները:

Նա նաեւ հավելեց, որ հանգիստ աշխատում է, շատ է ցանկանում խաղաղ անցի Գրողների միության համագումարը, սկանդալային բարձրաձայնումներ չլինեն, որովհետեւ Գրողների միությունը կարեւոր օղակ է:

Դիտարկմանը, թե ձեր կոլեգաների մոտ ցանկություն կա ձեզ առաջադրելու, նա առաջարկեց այդ հարցով դիմել Ալվարդ Պետրոսյանին, Ռազմիկ Դավոյանին, Վահագն Հովհաննիսյանին, Արծրուն Ավագյանին եւ մյուսներին:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի գրողների միության համագումարի օրը նշանակված չէ, սակայն որոշ թեկնածուներ, քափ-քրտինք մտած, աշխատում են։ Մասնավորապես, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն ակտիվ հանդիպումներ է ունենում ՀԳՄ անդամների հետ եւ իր կողմնակիցների ցուցակ է կազմում։ «Մեր տեղեկություններով, իր թեկնածուն է պատրաստվում առաջադրել նաեւ երիտասարդական թեւը»,- գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ