Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում «Ալ-Կաիդայի» ղեկավարներից մեկին` Անաս Լիբիին բռնելու ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողությունը սպառնում է վերաճել դիվանագիտական սկանդալի: Տրիպոլիից բացատրություն են պահանջել: Ավելի վաղ CNN-ի աղբյուրը հայտնել էր, որ Լիբիայի իշխանությունները տեղյակ են եղել Լիբիին բռնելու վերաբերյալ ամերիկացի զինվորակնների ծրագրերին:
Նրան բռնել էին Լիբիայի մայրաքաղաքում` հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան: Մեքենան տան մոտ կայանելիս երեք մեքենա շրջապատել էին նրան, որից հետո զինվորականները կոտրել էին Լիբիի մեքենայի ապակին եւ խլել ատրճանակը, այնուհետեւ տարել էին նրան:
Հոկտեմբերի 6-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը հայտարարել էր, որ Լիբին «ներկայումս օրինական հիմունքներով պահվում է անվտանգ վայրում` Լիբիայի սահմաններից դուրս»: Նա նշել էր, որ Լիբին պահվում է «պատերազմի օրենքներին համապատասխան», այսինքն` չունի այն իրավունքները, որոնցից կարող են օգտվել իրավապահ մարմինների կողմից կալանավորված քաղաքացիական անձինք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, Լիբիայի կառավարությունը ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել հատուկ գործողության վերաբերյալ: Լիբիայի իշխանությունները հասկացրել են, թե չեն ցանկանում, որ Լիբին ԱՄՆ տարվի` քննություն եւ դատ անցկացնելու համար: «Լիբիայի քաղաքացին պետք է իր երկրում դատարանի առաջ կանգնի` անկախ իր դեմ ներկայացված մեղադրանքներից»:
ԱՄՆ-ում Լիբիին մեղադրում են 1998թ. Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների պայթյունների կազմակերպմանը մասնակցելու համար: Ահաբեկչությունների զոհ էին դարձել 220 մարդ:





























