Մոսկվայում հարձակվել են Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպանի օգնականի վրա: Տուժածը դիմել է իրավապահ մարմիններ:
Հոկտեմբերի 16-ի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպանի 60-ամյա օգնական Օնո Էլդե ռեն Բոշի Պովարսկայա փողոցում գտնվող բնակարան եւ ծեծի ենթարկել նրան: Չարագործները գրություն են թողել` «ԼԳՏՊ» եւ սրտիկ նկարել: Այնուհետեւ փախել են` բնակարանից ոչինչ չվերցնելով:  

«Ռոսբալտը» հայտնում է, որ Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան Ռոման Կոլոդկինը հոկտեմբերի 16-ին հրավիրվել է Հոլանդիայի ԱԳՆ` բացատրությունների համար։

Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմերմանսը հայտարարել է, որ Ռուսաստանից բացատրություններ է ակնկալում: Նա հավելել է, որ ԱԳՆ-ի ծեծի ենթարկված աշխատակիցն իրեն լավ է զգում: 

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրավիրել էր հոլանդացի դեսպանին եւ նրան բողոքի նոտա հանձնել` ռուսաստանցի դիվանագետ Դմիտրի Բորոդինի վրա հարձակվելու կապակցությամբ:  Նիդեռլանդների Թագավորության անունից այդ երկրի արտգործնախարար Տիմերմանսը պաշտոնապես ներողություն էր խնդրել ՌԴ-ից` միջազգային իրավունքը խախտելու համար: Սակայն Նիդեռլանդների ոստիկանությունը վճռել էր չպատժել միջադեպին մասնակից ոստիկաններին: