Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը երկրի քաղաքագլուխներին հրահանգներ կուղարկի այն մասին, որպեսզի արգելեն դպրոցներում սովորող օտարերկրացիների ձերբակալությունը: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին Ելիսեյան պալատում, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:

Ֆրանսիական պետության ղեկավարը հստակ է համարել Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսման առթիվ պաշտոնական հետաքննության արդյունքները: Նա նշել է, որ աղջկա աչտաքսման գործում որեւէ սխալ թույլ չի տրվել, թեեւ գործընթացն իրականացվել է առանց հանքամանորեն ուսումնասիրման ու առողջ դատողության, այնուամենայնիվ, «եթե նա խնդրի», ուսումը շարունակելու նպատակով, «նրան դարձյալ հետ կընդունեն երկիր, սակայն միայն նա, առանց ընտանիքի»: Սակայն հարցազրույցում Լեոնարդան արդեն հայտարարել էր, որ չի լքի ընտանիքը: «Ես միայնակ չեմ գնա Ֆրանսիա, ես չեմթողնի իմ ընտանիքը: Միայն ես չէ, որ պետք է դպրոց գնամ, նաեւ իմ քույրերն ու եղբայրները»,- ասել է նա:

Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրի արժեքն է օրենքի հարգումը՝ կոչ անելով նաեւ բարեփոխել ապաստարան տրամադրելու կանոնակարգը: «Պետությունը նույնպես դպրոց է, որը պետք է պաշտպանել հասարակության բախումներից»,- ասել է նա՝ հավելելով, որ կհրահանգի երկրի քաղաքագլուխներին արգելել ամեն տեսակի ձերբակալություններ դպրոցում: Ներքին գործերի նախարարությունը քաղաքագլուխներին հրահանգ կուղարկի, որը կարգելի երեխաների ձերբակալությունը «դպրոցական միջավայրում, ինչպես նաեւ այլ հաստատություններում, տրանսպորտում, զվարճանքների կենտրոններում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ 18-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա  ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները հայտարարում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:

Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության:«Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:

Ուսումնական հաստատությունների արհմիությունների ազգային միության գլխավոր տնօրեն Դանտե Բասսինոյի խոսքով՝ Հայաստան վերադառնալիս Խաչիկ Խաչատրյանին մի քանի ժամ ոստիակնները պահել են օդանավակայանում, որից հետո երեք օր մնացել էր հայրենի գյուղի ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո նրան դատական վերահսկողության ներքո ազատ են արձակել: Օգոստոսի 6-ի օրակարգի համաձայն՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: