Կոտայքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանն այլեւս միացված չէ արհեստական շնչառության ապարատին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի վիճակը ծանր կայուն է: Վթարի հետեւանքով նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի վնասվածք, փայծաղը հեռաղրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, այժմ վիճակը հիմա համեմատաբար կայուն է:
«Արհեստական շնչառության ապարատը անջատել ենք, խոսում է»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ չեն կարող ասել՝ երբ Վարդան Պետրոսյանին կտեղափոխեն հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, ավելի ուշ 16-ամյա Էդգար Հակոբյանը մահացել է:





























