Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուր Վարդանյանը գնացել էին մոտորանավակով ձուկ որսալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը:
Նա նշեց, որ տղամարդիկ ընկերներ էին, մի քանի օր է՝ ձկնորսությամբ էին զբաղվում: Ձուկ էին որսում ոչ միայն իրենց համար, այլեւ՝ վաճառքի:
Նվեր Հարությունյանը չորս երեխա ունի, Արթուր Վարդանյանը՝ երկու, նրանց երեխաները անչափահաս են:
Գյուղապետը նշեց, որ Նվեր Հարությունյանը ընտանիքի միակ արու զավակն է, ծնողներ չունի, իսկ Արթուրի ծնողը արտագնա աշխատանքի մեջ է, արտերկրում է: «Ձկնորսների 90 տոկոսը նորմալ լողալ չգիտի, իրենք էլ տաք հագնված էին, չէին կարող լողալ: Մոտորանավակը գտել են, իրենք մեջը չեն եղել, Արթուրի կուրտկեն են գտել»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սեւանա լճի՝ գյուղին հարակից ափ եւ ըստ նախնական տեղեկությունների ջրասուզվել: Կորածները ձկնորսներ են այս պահին փրկարարները փորձում են լճում գտնել նրանց: Սակայն ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է տղաներից մեկի բաճկոնը:



























