News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է վերջին շրջանում Թուրքիայում Էրդողանին հասցրած հարվածների շնորհիվ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Ֆեթուլլահ Գյուլենի՝ հայկական ծագման մասին պնդումները:

Բաց ակնարկներ այն մասին, որ Ֆեթուլլահ Գյուլենը հայ է, արել է դեռեւս տարիներ առաջ Թուրքական պատմագիտական ընկերության արդեն նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Այս թեման ավելի զարգացրել է թուրք լրագրող Մուրադ Ալփերենը, ով պնդել է, թե Գյուլենը ծագումով հայ է եւ նրա պապերը ժամանակին Էրզրումում կոտորել են թուրքերին:

Դեռեւս 1999-ի հունիսի 14-ի համարում թուրքական Star պարբերականը տպել էր Անկարայի ոստիկանության պետ Ջեւդեթ Սարալի գլխավորությամբ Գյուլենի վերաբերյալ զեկույցը, որտեղ Գյուլենի էթնիկ ծագման վերաբերյալ կասկածներ են տեղ գտել:

Թուրքական Turkishnews.com կայքը 2013-ի հուլիսի 5-ին տեղադրել է  Ֆեթուլլահ Գյուլենի մասին հրապարակում, որտեղ նշվում է, թե Ֆեթուլլահ Գյուլենի հայ պապը (1915-ականներին-խմբ) աշխատել է Իբրահիմ բեյի մոտ, երբ մյուս հայ աշխատողներն ըմբոստացել են Իբրահիմ բեյի դեմ, ով սպանել է Գյուլենի պապուն եւ նրա ընտանիքի անդամներին ու ինքնասպան եղել: « Ողջ է մնացել միայն Գյուլենի հայրը, ով թաքցնելով ինքնությունը, 18 կամ 19 տարեկանում գնացել է Իսպիրի (Սպեր-խմբ) շրջան եւ մուսուլմանի անուն վերցնելով՝ ամուսնացել: Դրանից հետո նա ամեն տեղ հայհոյում էր թուրքերին կոտորած հայերին եւ իրեն ուղղադավան մուսուլման հայտարարում»:

Ֆեթուլլահ Գյուլենի հոր հայկական ծագումը նաեւ մեկնաբանվում է նրա արած հետեւյալ արտահայտությամբ. «Այնպիսի մի զավակ եմ դաստիարակելու, որ սրանց հենց  իրենց կրոնով հարվածի»: Սա մեկնաբանում են, թե Գյուլենը հենց իսլամի միջոցով է հարվածելու թուրքերին:

Գյուլենի հայկական ծագման մասին մեկ այլ պնդում կա կապված նրա պապերի ծննդավայրի հետ: Հայտնի է, որ Գյուլենի պապը Էրզրում է եկել հայերով խիտ բնակեցված Վանա լճի հարեւանությամբ գտնվող Խլաթից: Նշվում է, որ Գյուլենի պապն ընտանիքով Խլաթից հեռացել եւ Էրզրումի Բասենի շրջանում է տեղավորվել նամուսի հետ կապված խնդրի պատճառով:

Ֆեթուլլահ Գյուլենի պապերի մասին հետաքրքիր պնդումներ են տեղ գտել թուրքական Kapsamhaber կայքում, որտեղ կարդում ենք, թե Գյուլենի հայ պապերը մուսուլմանների, հատկապես քրդերի կոտորածների մեջ ներգրաված լինելու պատճառով որոշ ժամանակ ստիպված են եղել հեռանալ եւ ապաստանել այն ժամանակ իրանական տիրապետության տակ գտնվող Երեւան քաղաքում, սակայն այնտեղ չեն կարողացել հող եւ ապրուստ ստեղծել եւ կրկին վերադարձել են Թուրքիա, բայց քանի որ իրենց հայրենի Խլաթ-Բիթլիսում մուսուլմանների կոտորածների մեջ էին մեղադրվում, մեկնել են Էրզրում:

Գյուլենի հայկական ծագման հետ կապված քննարկվում է նաեւ նրա հոգեզավակ Էյուփ Ջանի եւ նրա կնոջ՝ Էլիֆ Շաֆաքի փաստը: Էյուփ Ջանը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, որից հետո Թուրքիա վերադառնալով աշխատել է Գյուլենի միության գլխավոր թերթում՝ Zaman-ում, հիմա նա Radikal պարբերականի գլխավոր խմբագիրն է:  Էյուփ Ջանը այն քիչ թուրք լրագրողներից է, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ իր հրապարակումներում խոսել է պատմության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին:

Իսկ Գյուլենի հարսի՝ թուրք հայտնի լրագրող Էլիֆ Շաֆաքի մասին հայտնի է, որ նրա մայրը հայ է: Նա նույնպես երկար ժամանակ աշխատել է Zaman թերթում:  Էլիֆ Շաֆաքը գրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող սկանդալային «Ստամբուլի բիճը» գիրքը, որի պատճառով Թուրքիայում նրա դեմ որոշ ժամանակ դատական հետապնդում է իրականացվել տխրահռչակ 301-րդ հոդվածով (թյուրքականության վիրավորում-խմբ):

Հիշեցնենք, որ Գյուլենի ստեղծած շարժումը կամ ինչպես ընդունված է ասել Թուրքիայում՝ Գյուլենի կրոնական համայնքը, Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս ունի դպրոցներ, համալսարանները, հիմնադրամներ, միություններ, լրատվամիջոցներ, հիվանդանոցներ, բիզնես կառույցներ եւ բանկեր:

Թեեւ Ֆեթհուլլահ Գյուլենին վերագրվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի կրող եւ աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ, նա դարձել է քաղաքական եւ տնտեսական հզոր ուժ եւ համարվում է, որ նա վտանգ է ներկայացնում Թուրքիայի աշխարհիկ կարգերին:

Գյուլենի շարժման անդամները կարեւոր պաշտոններ են զբաղեցնում Թուրքիայի գրեթե բոլոր գերատեսչություններում, որով պայմանավորված էր «մեծ կաշառք» գործողության միջոցով  Գյուլենի անակնկալ եւ հուժկու հարվածն Էրդողանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը:

Արթուր Հակոբյան

 Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ