ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունը կազմել է այն ներգաղթյալների ցանկը, որոնց նկատմամբ հեռավար կարգով երկրի տարածք մուտք գործելու արգելք կսահմանվի: Ցանկը կազմված է այն 800 հազար օտարերկրացիներից, որոնք խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը: Նշվածներից 200 հազարը մերձմոսկավյան շրջաններում են գրանցված, հայտնել է ծառայության Մոսկվայի մարզի բաժնի ղեկավար Օլեգ Մոլոդիեւսկին:

Դաշնային միգրացիոն ծառայության օպերատորները առկա հաշվարկային բազայում ստուգում են ՌԴ տարածքում գտնվող օտարերկրացիների մոտ խախտումների առկայությունը, պատմել է Մոլոդիեւսկին:

«Եթե աշխատակիցը թեկուզ մեկ խախտում է հայտնաբերում, օրինակ` որ ներգաղթյալը 90 օրից ավել է ՌԴ տարածքում գտնվել եւ մեկ ամսվա ընթացքում չի հեռացել երկրից, կատարել է երկու եւ ավելի իրավախախտումներ, անձնական բնույթի կեղծ տեղեկատվություն է տրամադրել, սահմանված տուգանքը չի վճարել, ապա փաստաթղթեր են կազմվում հետագայում երկրի տարածք մուտքը հեռավար կարգով արգելելու վերաբերյալ եւ ծառայության գլխավոր վարչություն ուղարկվում»,- մեկնաբանել է տարածքային գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով, հիմնականում խախտումներ են հայտնաբերվում առ այն, որ օտարերկրացի քաղաքացին 90 օրից ավել է մնացել երկրում կամ երկու եւ ավելի իրավախախտում է թույլ տվել:

Ծառայության ցանկում հայտնված մարդիկ կարող են շարունակել երկրի տարածքում մնալ, սակայն եթե միգրացիոն ծառայության աշխատակիցների տեսադաշտում հայտնվեն, անմիջապես կալանքի տակ են առնվելու եւ արտաքսվելու երկրից, ընդգծել է Մոլոդիեւսկին: