Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռուստատեսության ոլորտում, կինոյում, գրականության մեջ եւ լրատվամիջոցներում հայհոյանքի կիրառությունն արգելող օրենքը: Այսուհետ օրինախախտներին տուգանքներ են սպասվելու:

Համաձայն նոր կանոնների, արգելվում է ոչ պատշաճ բառապաշար օգտագործել գրականության, մշակույթի ստեղծագործությունների` թատերական եւ լուսավորչական միջոցառումների տեսքով վերարտադրության ժամանակ: Ավելին` հայհոյանք պարունակող գրքերը կարող են միայն հատուկ` կնքված փաթեթավորմամբ եւ «անպարկեշտ բառապաշար» մակնշմամբ վաճառվել:

Օրինախախտ քաղաքացիները ստիպված կլինեն 2-2,5 հազար ռուբլու չափով տուգանք վճարել: Պաշտոնատար անձանց 4-5 հազար ռուբլի տուգանք է սպասվում, իսկ իրավաբանական անձանց` 40-50 հազար ռուբլի: Կրկնախախտների համար ավելի մեծ տուգանքներ են նախատեսվում:

Օրենքը ուժի մեջ է մտնելու 2014թ. հուլիսի 1-ից եւ չի տարածվելու մինչ այդ ժամկետը թողարկված արտադրանքի վրա: