Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 20-ամյա Մնացական Մինասյանը զորակոչվել է հունվարի 20-ին, սակայն չի կարողանում նորմալ քայլել. երեք տարի առաջ ծանրամարտի պարապմունքի ժամանակ վնասել է ոտքի «մենիսկը», սակայն պաշտպանության նախարարությունն այդ փաստը հաշվի չի առել եւ Մնացականին տարել են բանակ:
NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Նարինե Հարությունյանը՝ զինծառայողի մայրը, պատմեց, որ երեք տարի առաջ Օրթոպեդիկ հիվանդանոցում խորհուրդ են տվել վիրահատել, սակայն չեն համաձայնվել:
«Այդ ժամանակ ամուսինս Ռուսաստանում էր, ես էլ վախեցա ու չթողեցի: Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասաց տիկին Նարինեն:
Զինծառայողի մայրը մոտ երկու ամիս առաջ դիմել է պաշտպանության նախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել, իսկ զինվորական դատախազությունից էլ պատասխանել են, թե ոչ մի խնդիր չունի:
«Մինչդեռ օրթոպեդիկ հիվանդանոցի բժիշկը զարմանում է, որ նման հիվանդին տարել են ծառայության: Ծնկի մասը խախտված է, անընդհատ ճտում է, դուրս է ընկնում: Ես ընդամենը խնդրում եմ, որ տղայիս չանտեսեն, որ տանեն վիրահատության, մենակ թե տղաս ինվալիդ չմնա»,- ավելացրեց Մնացականի մայրը:
Նշենք, որ Մնացական Մինասյանը ծառայում է Վանաձորի զորամասերից մեկում:




























