Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ Կարեն Կոնգորցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Սեպտեմբերի 3-ին նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանքը չի փոխվել, Կարենին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ, սակայն ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Կարենը չի սպանել Դավիթ Հովակիմյանին»,- ասաց նա:
Նշենք, որ նույն գործով օգոստոսի 26-ին կալանավորվել է նաեւ Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Ըստ ոստիկանության՝ 15-ամյա տղայի կյանքը հնարավոր կլիներ փրկել, սակայն բժիշկը թերացել է: Կարեն Կոնգուրցեւի փաստաբանի խոսքով՝ նույն գործով երկու մեղադրյալների դատավարություններն առանձին են լինելու:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























