Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ_ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի տասին Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«ՀՅԴ-ն մեզ հետ չի մասնակցելու հանրահավաքին, որովհետեւ մենք չէինք կարող այդ օրը չանդրադառնալ Սահմանադրական բարեփոխումներին։ Դաշնակցությունը չի միանա նաեւ մարզային այցերին։ Մենք առաջիկա օրերին կկազմենք մարզային այցերի աշխատանքային խումբ, իսկ այցերի ժամանակ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումները Սահմանադրական բարեփոխումների եւ տասներկու պահանջներին»,- ասաց նա։

Նշենք, որ հանրահավաքին ամփոփվելու է կառավարության ներկայացրած տասներկու պահանջների կատարման արդյունքները։

Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: