Մաքսային տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբերին ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպը, կազմելով ընդամենը 1.4%, 2.3 տոկոսային կետով զիջել է ներմուծմանը: Հսկայական բացասական սալդոյով (շուրջ 2.2 մլրդ դոլար՝ այդ ժամանակահատվածում) երկրի համար դա, անկասկած, անցանկալի փաստ է: Իսկ ի՞նչն է պատճառը:
Ընթացիկ տարին հանքարդյունաբերության առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի համար նշանավորվեց բավական վատ ցուցանիշներով: Հայաստանի խոշորագույն հարկատուների վարկանիշում հունվար-սեպտեմբերին ընկերությունը, գրավելով 5-րդ հորիզոնականը, տեղը զիջել է առաջատար «գազային» մենաշնորհատիրոջը:
Պատճառն այն է, որ մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կրճատվել են գրեթե 13.6 մլն դոլարով կամ ավելի քան 2 անգամ: Հասկանալի է, որ դա ուղղակիորեն կապված է հանրապետությունում պղնձի արդյունահանման ոլորտի առաջատար ձեռնարկության ֆինանսական եւ տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ: Ի դեպ, պատահական չէ, որ կոմբինատի նոր ղեկավարությունն առաջին հերթին սկսեց կրճատել կառավարման վերին օղակների՝ չափազանց բարձր աշխատավարձերը:
Նկատենք, որ պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանման մեջ բացասական շարժը հանգեցրել է արտահանման ընդհանուր ծավալների աճի տեմպերի 3.0%-ով նվազման: Չնայած բնական ցուցանիշներում տվյալ ապրանքների արտահանումն ավելացել է գրեթե 11.8%-ով, գնի հարցում զգալի կրճատում է եղել. 32.3 մլն դոլար կամ 15.4%: Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում մաքսային արժեքը կտրուկ նվազել է. մեկ տոննայի համար 376.9-ով կամ 22.6%-ով:
Չնայած ամենշաբաթյա կտրուկ տատանումներին, ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում պղնձի համաշխարհային գների դինամիկան ավելի շատ նվազող բնույթ է կրել: Զարմանալի է այն, որ միջազգային փորձագետները 2014 թվականի համար 270 հազար տոննայի չափով այդ մետաղի պակասորդ են կանխատեսում: Ամեն դեպքում, հոկտեմբերին պղնձի համաշխարհային գների համեմատական աճի ակնկալիքները չարդարացան:
Օրացուցային տարվա կտրվածքով պղնձի համաշխարհային գների լուրջ անկում է արձանագրվել 2009 թվականին, գլոբալ ռեպրեսիայի ժամանակաշրջանում: Դրանից հետո գների ամենաբարձր մակարդակն արձանագրվել է 2011 թվականին: Հաջորդ տարի պղնձի արդյունահանման զգալի աճ է կանխատեսվում, ինչը կարող է ազդել դրա համաշխարհային գների վրա, իսկ դրա արդյունքում՝ հանքաքարի եւ խտանյութի:
Այլ ապրանքների արտահանման վրա բացասաբար է ազդել նույն պղինձը, բայց արդեն զուտ տեսքով (ընդհանուր տեմպի վրա մինուսային ազդեցությունը կազմել է 1.5%), ինչպես նաեւ թունդ ալկոհոլային խմիչքների (-0.8%): Այդպիսով, պղնձի հանքաքարն ու խտանյութը, ինչպես նաեւ այդ մետաղը զուտ տեսքով, արտահանման աճը դանդաղեցրել են 4.5%-ով: Օբյեկտիվ պատճառներով կրճատվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտահանումը, ինչը հանգեցրել է 1.3%-ով աճի տեմպերի ընդհանուր ցուցանիշի համեմատական դանդաղեցման:





























