Հատուկ քննչական ծառայությունը կարճել է քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերվում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարություն էր տեղի ունեցել: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սմբուլ Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել: