Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի ինքնազգացողությունը դատական նիստին վատացել է, կանչել են շտապօգնության բրիգադ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

«Դեկտեմբերի 9-ին նշանակված դատական նիստն այդպես էլ չկայացավ, քանի որ պաշտպանյալս իրեն շատ վատ էր զգում: Շտապօգնություն եկավ ու պարզվեց, որ ճնշումը 190/110 էր, ուներ սրտխառնոց, գլխապտույտ: Հետաքրքիր է, որ դեռ առավոտյան կալանավայրում Վլադիմիր Ղուկասյանն իրեն վատ էր զգացել, էնտեղ էլ էին շտապօգնություն կանչել, վիճակը տեսել էր, բայց ամեն դեպքում դատարան էին հասցրել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Լոռու գլխավոր վիրաբույժն այժմ գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում, դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին:

Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: