Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:

«Այս պահին բավարար տեսանելություն չկա այդ ինքնաթիռների վայրէջքի համար, դեռ ուժեղ մառախուղ է: Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռը ուղեւորվել է դեպի Սոչի, իսկ  Մին-Վոդիից եկող ինքնաթիռը վերադարձել է  Մին-Վոդի, մինչեւ եղանակային պայմանները կբարելավվեն  եւ  ինքնաթիռները կվերադառնան վայրէջք կատարելու»,- տեղեկացրեց Գեւորգ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակ չկա, նորմալ է, երբ անձնակազմը որոշում է ցածր տեսանելիության պայմաններում վայրէջք չկատարել:

Քաղավիացիայի գլխավոր վարչության  մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանն էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ինքնաթիռները պետք է վառելիք վերցնեն ու նորից վերադառնան: Թե երբ կժամանեն Երեւան, հայտնի չէ, դա կախված է եղանակային պայմաններից: Ռուբեն Գրձելյանն ասաց, որ եղանակը բացվում է եւ օդանավակայանը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: