Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով դատախազ Հարությունյանը շարունակում է պնդել, որ Վանիչկային ինքնասպանության են հասցրել առաջին ատյանի կողմից դատապարտված զինծառայողները։ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը հայտնեց, որ փաստաբանների բողոքն ու ներկայացրած փաստերն իրականության հետ կապ չունեն։
Դատախազի խոսքով՝ Վանիչկան ինքնասպանություն է գործել, դա անհերքելի ճշմարտություն է՝ չհամաձայնելով տուժողի իրավահաջորդ Արամայիս Հովակիմյանի հետ, որը պնդում է, թե իր որդուն սպանել են։ Ինչ վերաբերվում է գործով ամբաստանյալներին, ապա Հարությունյանի համար զարմանալի չէ, որ փաստաբանները պաշտպանում են իրենց պաշտպանյալներին։
«Արման Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժաչափը համաչափ է եւ արդարացի։ Մուրադյանն անգործություն է դրսեւորել, նա կարող էր կանխատեսել, թե ինչ կարող էր տեղի ունենալ, սակայն նա դա չի արել։ Մուրադյանը, երկար ժամանակ ծառայելով Զինված ուժերում, տեղյակ լինելով նման դեպքերի մասին, արդյոք չպե՞տք է ավելի զգոն լիներ։ Ինչ վերաբերվում է Շմավոն Կուրեխյանի եւ Պարույր Մկրտչյանի փաստաբանների՝ վերաքննիչ բողոքի մեջ բերված փաստերին, ապա դրանց հերքմանը չեմ անդրադառնա, քանի որ առաջին ատյանի դատարանը հստակ տվել է որակումը»,- ասաց դատախազը։
Նրա խոսքով՝ բերված բոլոր բողոքները պետք է մերժել եւ դատավճիռը թողնել իրավական ուժի մեջ։
Դատավորի հարցին, թե ինչու օրապահներ Բաբախանյանին եւ Սարգսյանին էլ մեղադրանքներ չեն առաջադրել, Հարությունյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել։
«Նարեկ Միտոյանը մի անգամ չի մտել, երկու անգամ տարբեր ժամանակ է մտել պահասենյակ»,- ասաց դատախազը, ինչին դատավորը հակադարձեց. «Նրանք էլ են եղել պահասենյակում, ինչի՞ Բաբախանյանին եւ Սարգսյանին չեն մեղադրանք առաջադրել»։
Դատախազի դիտարկմանը, թե Միտոյանը «նրանց ուղղակի պետն է», դատավորը զարմացավ. «Ո՞նց, Միտոյանը պե՞տ է»։
Գործով դատավորներին զարմացնում է նաեւ, թե վաշտի հրամանատար Արման Մուրադյանն ինչ անգործություն է ծավալել, որ նրան էլ են մեղադրանք առաջադրել։
«Ինքը ողջամտորեն պիտի կանխատեսեր նման բան»,- նշեց դատախազ Հարությունյանը, որին էլ դատավորը հեգնեց. «Մինչեւ էդ էլ մեղր էր կորել զորամասում»։
Այնուամենայնիվ, դատավորների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են դատապարտվել Արման Մուրադյանն ու Նարեկ Միտոյանը։
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։


























