ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 21-ին նռնակի պայթյունից մահացած Դավիթ Քոլոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի Դավիթ Քոլոյանին ինքնասպանության են հասցրել:  Դավիթի հորաքույրը՝ Աննա Քոլոյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ միայն բացառում են, որ Դավիթը կարող էր ինքնասպանություն գործել, այլեւ հակառակն ապացուցող փաստեր ունեն:

«Մենք չգիտենք՝ ինչի հիման վրա է այդ ամենը ապացուցվել, որովհետեւ մենք ապացույցներ ունենք, որ ինքնասպանության մասին խոսք գնալ չի կարող: Մոտ մեկ ամիս առաջ՝ մինչեւ երեխայի առաջին գիծ տեղափոխվելը, երեխան զանգել, պապայի հետ խոսել է, ասել, որ ինչ որ մեկի հետ պրոբլեմներ ունի: Ասել է՝ որպեսզի ես հայի հետ ավելորդ մինուսներ չունենամ, համաձայնության եմ գալու, գնամ առաջին գիծ: Ասել է՝ մնացել է 6 ամիս, չեմ ուզում՝ հայի հետ խնդիր ունենամ, ավելի լավ է՝ թուրքի դեմ գնամ կռվեմ, քան հայի հետ պրոբլեմ ունենամ: Ու մարդն, ում հետ խնդիրներն է ունեցել, իր ավագ լեյտենանտն է եղել՝ Գեւորգ Գեւորգյանը»,-ասաց տիկին Աննան:

Հիշեցնենք, որ Դավիթ Քոլոյանի մահվան դեպքով ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով  (անձին  ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ՝ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ. Բաբայանը եւ երկու շարքային զինծառայող՝ Սիմոնյանը եւ Չապուխյանը:

Դավիթի հարազատները, թեեւ չեն ճանաչում ձերբակալվածներին, սակայն վստահեցնում են, որ Դավիթը ոչ մի զինծառայողի հետ խնդիր չի ունեցել, ընդհակառակը, ծնողների հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ մեկ ընտանիքի պես են բոլոր զինվորներով: Հորաքրոջ խոսքով՝ Դավիթը, որի զինվորական ծառայության ավարտին 6 ամիս էր մնացել, ծնողների հետ նաեւ իր ապագա պլանների մասին է խոսել:

«Իր մայրը վիրահատություն էր տարել, հետը խոսելիս ասում էր՝ գամ, չեմ թողնի տանջվես, աշխատես, էդ մարդը ո՞նց ինքնսպան կլիներ: Ինքը շատ համբերատար էր, աստվածավախ էր: Մենակ մտածելով, որ Աստված ինքնասպանությունը չի ընդունում, նման քայլի չէր գնա: Միշտ, երբ նման խոսք էր լինում, ասում էր՝ ամենաթույլ մարդիկ են, որ չեն կարող էլ ոչ մի դժվարության դիմանալ, ուզում են այդ ձեւ վերջացնել իրենց կյանքը: Հիմա մենք ապացույցներ ենք պահանջում, ուզում ենք, որ գոնե երեխայի անունը մաքուր մնա, չի կարելի երեխու անունը այդ կարգի պղծել»,- ասաց տիկին Աննան:

Աննա Քոլոյանը նշեց նաեւ, որ Դավիթը մարմնամարզիկ է եղել, Հայաստանի չեմպիոն, եւ եթե խնդիրը գագաթնակետին հասներ, ավելի հավանական է, որ Դավիթն իր ուժը գործի դներ, քան ինքնասպան լիներ. «Ոչ մի փաստ չունենք, որ ասենք՝ մինը դրել, վրան են պառկացրել իրեն, բայց մեր մտքով ամեն ինչ անցել է: Հնարավոր է՝ իր դիմաց ոչ մի ձեւով չեն կարողացել, սպանել են»:

Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Դավիթ Քոլոյանը բնակվում էր Երեւանում, տան միակ արու զավակն էր, գարնանը պետք է զորացրվեր: