Արմավիրի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, հայտնի ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը մարտի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում ինքնառաջադրվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:

Ռուբեն Խլղաթյանը ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, վաղեմի ՀՀԿ-ական, ով Արմավիրի քաղաքապետ է դեռ 2004թ:

Փորձեցինք Ռուբեն Խլղաթյանից ճշտել, թե ինչու կուսակցության կողմից չի առաջադրվել: Նա նախ հարցրեց՝ ով է, ապա, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգում, ասաց՝ «սխալ եք զանգել» ու անջատեց հեռախոսը՝ այլեւս չպատասխանելով զանգերին:

ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւս անպատասխան թողեց մեր հարցը, թե ՀՀԿ-ն ում է առաջադրելու Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, արդյոք հնարավոր է պաշտպանի Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը: Բոլոր հարցերին ի պատասխան նա միայն կրկնում էր հայտնի եւ ծեծված խոսքեր՝ «առաջադրումները սկսել են, կասենք, կիմանանք, ամսի 13-ին կիմանանք, ամեն ինչ կառավարելի եւ վերահսկելի է»:

Ուրբաթախոս գտնվեց նաեւ Արմավիրի մարզպետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանը, ում հետ, որոշ տեղեկությունների համաձայն, Ռուբեն Խլղաթյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին կլինեն քննարկումներ եւ պարզ կդառնա: Հնարավոր է ՀՀԿ-ն պաշտպանի Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը, մարզպետն ասաց, որ մինչեւ քննարկումներ չանեն, չեն կարող ասել՝ կպաշտպանեն, թե ոչ:

Հարց է առաջանում՝ եթե ՀՀԿ-ն պաշտպանելու է Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը, ինչու է վերջինս շտապել եւ ինքնառաջադրվել, ինչու նախապես քննարկում չի եղել եւ նա չի առաջադրվել ՀՀԿ-ի կողմից: Միեւնույն ժամանակ պարզ է, որ ընտրություններում թեկնածու առաջադրելը հաստատապես չի որոշվելու արդեն առաջադրումների փուլում, դա ավելի երկարատեւ եւ վաղօրոք կայացած գործընթաց է:

Հիշեցնենք, որ  2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը Արմավիրում պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրանից հետո Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ դա պատճառաբանել էր  այսպես. «Դա  բացառապես իմ անձնական որոշումն է: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները` ես  համարում եմ, որ  այս դեպքում  իմ կողմից  հրաժարական ներկայացնելը պարզապես  բարոյական քայլ է:  Հարկադրանքի կամ, ինչպես մամուլում շրջանառվում է,  «պատժելու» մասին այստեղ խոսք  անգամ լինել չի կարող: Այն, որ լինելով ՀՀԿ անդամ, իմ ղեկավարած  քաղաքում ՀՀԿ թեկնածուն  անհրաժեշտ ձայներ չի ստանում, համարում եմ նաեւ իմ թերացումը»: Այնուհետեւ Ռուբեն Խլղաթյանը չի պնդել իր հրաժարականի դիմումը: Կառավարությունն այն չընդունելիս պատճառաբանել էր, թե Արմավիրի քաղաքապետն ընտրվել է իր պաշտոնում 2011 թ. մարտի 20-ին (դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը), հետեւաբար, ունի ստանձնած պարտավորություններ եւ ներգրավված է տարբեր համայնքային (եւ ոչ միայն) ծրագրերում: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի բացատրության՝ աշխատանքային կարգով ճշտվել են դիմում ներկայացնելու դրդապատճառները, արդյունքները համադրվել են դիմումը ներկայացնելուց հետո քաղաքապետի կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, ինչի արդյունքում եզրահանգվել է, որ հրաժարական տալու դրդապատճառները չեն թղթակցվում վերջինիս պաշտոնեական պարտականությունների եւ համայնքի ղեկավարի լիազորությունների հետ: Այն ժամանակվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարականները չպետք է ընդունել քաղաքական դրդապատճառներով, այլ պետք է հաշվի առնել կատարված աշխատանքը:

Որոշ ժամանակ անց Ռուբեն Խլղաթյանը մեկ այլ միջադեպի կիզակետում էր հայտնվել: 2014թ հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա Պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գառնիկ Ավետիսյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետեւ բավական երկար ժամանակ դեռ ապաքինվում էր: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Ռուբեն Խլղաթյանը որսի էր գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: