Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը մի շարք միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին մի շարք հանգամանքներ պարզելու համար: Փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խնդրել է քննության առնել լրատվամիջոցներում տարածված այն վարկածը, որ հնարավոր է այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել` հատկապես հաշվի առնելով, որ Վ.Պերմյակովի հագուստները,նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում:
Դրանից բացի` փաստաբանը միջնորդել է նաեւ քննության առնել հնարավոր այլ անձանց մասնակցությունը։ Երեմ Սարգսյանը նշեց, որ պետք է քննության առնել նաեւ վարկածները, թե Վ.Պերմյակովն իրոք Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով, արդյոք այն պատահական է ընտրվել նրա կողմից եւ սպանություններն էլ կատարել է չբացահայտվելու վախից ելնելով, թե այն նախապես պլանավորված եւ նախապատրաստված հանցագործություն էր, հնարավոր է արդյոք, որ Վ.Պերմյակովն այդ հանցագործությունը կատարել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որեւէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետեւանքով. չնայած որ տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը:
Փաստաբանը միջնորդությամբ խնդրում է պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, այդ տնից դեպի Բայանդուր գյուղ եւ Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները: Նա նաեւ խնդրել է համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաեւ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված եւ հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանց միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական եւ այլ կապերը, «Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե Վ.Պերմյակովը որքան ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության եւ երբ, նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղել են, թե ոչ, ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը կարճաժամկետ արձակուրդ մեկնել է, թե ոչ, զորամասում ովքեր են նրան տեսակցության եկել եւ երբ:
Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին, պարզելու համար արդյոք Վ.Պերմյակովը զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերել է, թե ոչ, նախքան Գյումրիում տեղակայված զորամասում ծառայության անցնելը Վ.Պերմյակովը որեւէ արտասահմանյան երկիր մեկնել է, թե ոչ,
Համապատասխան քննչական գործողությունների եւ օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկել է, թե՞ ոչ նշված է փաստաբանի միջնորդության մեջ։ Նա նաեւ խնդրել է պարզել ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա է, թե ոչ:





























