Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու վերաբերյալ կուսակցությունում եղել է որոշում, իսկ մնացած ներկուսակցական հարցերը վարչությունը կքննարկի եւ կտեղեկացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երեկ՝ ժամը 17.30-ի սահմաններում Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ երբ հրավեր լինի, կքննարկեն եւ կպատասխանեն, առայժմ հրավեր չկա, այս հարցազրույցից մոտ 4 ժամ անց նախագահականի կողմից տարածվել էր հաղորդագրություն, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Այսօր «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ հարցազրույցից  հետո նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետի կողմից եղել է պաշտոնական հրավեր, ոչ թե իրենք են խնդրել հանդիպել, այլ նախագահի կողմից հրավեր է եղել:

«Մենք սպասում էինք այդ հրավերին, ուշ է եղել հանդիպումը: Երբ նկարը դրվել է, անմիջապես այդ պահին սկսվել է հանդիպումը, ավարտվել է բավականին ուշ: Եղել է հետեւյալը, մինչ այդ նախնական հրավեր է եղել, ասել ենք՝ որ դեպքում եւ որ պայմաններում կմասնակցենք, մեր ասած ձեւաչափը ընդունվել է, պաշտոնական  հրավեր ստանալով՝ մասնակցել ենք արդեն: Վարչության անդամներ ու հրավիրված անձինք են եղել քննարկմանը: Մի դրվագի հետ կապված եմ ցավում, իմ սխալն այն է եղել, որ Դավիթ Սանասարյանին տեղյակ չեմ պահել՝ իմանալով, որ Թբլիլիսիում է: Նախորդ օրվա քննարկմանը ինքը չէր մասնակցել, իսկ մնացած բոլոր հարցերին կանդրադառնանք»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե հանդիպման գնալու որոշումը եղել է կուսակցությա՞ն որոշումը, թե ոչ, նա այսպես արձագանքեց. «Ես կարո՞ղ էի ինքնուրույն նմանատիպ որոշում կայացնել: Այսքան ժամանակ եղե՞լ է որեւէ դեպք, որ կուսակցության որոշումից մի փոքր շեղվեմ»:

Ինչ վերաբերում է կուսակից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե «հավանաբար որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել», Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց.«Խոշոր ձեռնարկատեր ենք հանդես եկել: Զարուհի Փոստանջյանի որեւէ ասածին չեմ անդրադառնալու, ներկուսակցական հարցերը կքննարկենք վարչությունում ու որոշում կկայացնենք: Կքննարկենք՝ լիազորություն ունեցել ենք գնալու, չենք ունեցել, մինչ այդ ինչ է քննարկվել եւ այլն»:

Անդրադառնալով իր եւ Ռուբեն Հակոբյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու հարցին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ոչինչ էլ չի բացառվում: «Եթե գտնեն, որ այդ հեռացման խնդիրը կա, որեւէ ձեւով կաշկանդված չեմ հեռանալու կուսակցությունից»:

Նշենք, որ Lragir.am -ի հետ զրույցում ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:

«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ եւ չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարց դրվի, պատգամավորը ասել է, որ չի բացառվում: