Մահվան ելքով վթար է գրանցվել Արարատի մարզում: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Խ. Մ.-ն (ծնվ. 1986 թ.), Լ. Հ.-ն (ծնվ. 1960թ.), իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղևոր Ռ. Գ.-ն (ծնվ. 1995 թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության մեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Կ.-ին (ծնվ. 1958թ.) և բժիշկ Կարապետ Գրիգորյանին (ծնվ. 1988 թ.), ովքեր տեղափոխվել են են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Կարապետ Գրիգորյանը մահացել է:
Խ.Մ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Ըստ բժիշկների՝ Խ. Մ.-ի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածների առողջական վիճակը՝ բավարար:
Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ շտապօգնության մեքենան դուրս էր եկել կանչի: Շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։





























