Մի քանի օր է, ինչ ոստիկանները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականցնում: Ըստ որում՝ գործի են անցել ոստիկանական բոլոր կառույցները` Ճանապարհային ոստիկանություն, պարեկապահակային ծառայություն, քրեական հեռախուզություն եւ այլն: Իրավապահ համակարգին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների պատճառը միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրը ցերեկով հնչած կրակոցները եւ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկ» եւ նրա ընկերների սպանության գործը չէ: Բանն այն է, որ ոստիկանությունը սկսել է «սանիտարական աշխատանքներ» իրականցնել Երեւանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մեր երկրում սպասվող բազմաթիվ միջոցառումներից եւ հազարավոր հյուրերի ժամանումից առաջ:
Օրինակ՝ խստացվել է տաքսիների գործունեությունը, մասնավորապես՝ այն վարորդները, ովքեր նախկինում խնդիրներ են ունեցել օրենքի հետ, այժմ խիստ վերահսկողության ներքո են: Անհարմար վիճակում են նաեւ մարմնավաճառները, ովքեր քանի օր է՝ իրենց աշխատանքային ժամերը ստիպված անց են կացնում ոստիկանության բաժիններում, մութն ընկնելուն պես նրանց տանում են ոստիկանություն, իսկ առավոտյան բաց թողնում:





























