Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին լուրերը ոչ հերքվում, ոչ հաստատվում են: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ նախագահին, այս տեղեկությունը Մայր Աթոռի մամլո դիվանից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին: Նախագահի աշխատակազմից եւս NEWS.am-ին ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ համաներման հետ կապված որեւէ տեղեկատվություն նախապես չի հրապարակվում եւ չի մեկնաբանվում:
Իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հավանական է համարում համաներում հայտարարելու մասին խոսակցությունները: Նրա կարծիքով՝ դա կարող է լինել ապրիլի 10-15-ն ընկած ժամանակահատվածում: Փաստաբանի խոսքով՝ երկրի նախագահն, ստանալով նման առաջարկ, քննարկում է եւ դիմում ԱԺ-ին, հրավիրվում է արտահերթ նիստ:
Փաստաբանը ենթադրում է, որ ամեն ինչ կարվի մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզօ մարդիկ դրսում կդիմավորեն Ցեղասպանությունը: Նա անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանում գործի «Համաներում կիրառելու մասին օրենք», քանի որ ամեն անգամ դրանից հետո սկսվում են տարաբնույթ խնդիրներ, մեկնաբանություններ, դատական կարգով բողոքարկումներ:
Ավեի վաղ փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ եթե հայտարարվի համաներում, ենթադրվում է, որ այն կլինի ավելի մեծածավալ, քան նախորդը եւ կտարածվի բոլոր այն հանցագործությունների համար, որոնց համար պատիժ է նախատեսվում մինչեւ 5 տարվա ազատազրկումը:
Մեկ նկատառում եւս, հայտարարվելիք համաներումը կտարածվի նրանց վրա, որոնք հատուցել են տուժողների պատճառված վնասը: «Սա իմ ենթադրությունն է՝ ելնելով ՌԴ համաներման նախագծից: ՌԴ պետդումայում նախագիծ է ներկայացվել համաներում կիրառել Հայրենական մեծ պատերազմի առթիվ, որը ավելի շուտ «մանիֆեստի» նման է: ՌԴ-ում կիրառվելիք համաներումը նախատեսում է ազատել պատասխանատվությունից եւ համաներում կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց պատիժ են նշանակել մինչեւ 5 տարի ազատազրկում: Նմանատիպ համաներում կիրառեցին նաեւ Վրաստանում, որտեղ նույնպես բացեցին բերդի դռները եւ բաց թողեցին մեծ թվով կալանավորներին»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում համաներում է հայտարարվել 2013թ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, այդ առաջարկով նախագահին դիմել էր Հանրային խորհուրդը:





























