Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի  գործով Վճռաբեկ դատարանը դիմումը մերժել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա սա որակեց որպես ջայլամային որոշում՝ շեշտելով, որ Վճռաբեկ դատարանը, երբ ցանկանում է խնդիրը չվերցնել, ջայլամի նման գլուխը մտցնում է ավազի մեջ: Փաստաբանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները հենց այն գործերով են, որոնցով Վճռաբեկը վարույթ չի ընդունել:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, որն այն անփոփոխ է թողել: