Արգենտինյան Ole պարբերականը հաղորդում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հետ հանդիպումից հետո Մարադոնան հրաժարվել է շարունակել աշխատանքը հավաքականում, քանի որ արգենտինական ֆուտբոլի ղեկավարությունը ցանկանում է պաշտոնանկ անել մարզչական շտաբի մի քանի ներկայացուցիչների: Մարադոնան թիմում մնալու համար ուներ ճիշտ հակառակ պահանջներ` ընդլայնել օգնականների կազմը: Առայժմ պաշտոնական որոշում չի ընդունվել: Այսօր Գրոնդոնան հանդիպման արդյունքները պետք է քննարկի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարության հետ:

Օգոստոսի 11-ին Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում պետք է մրցի իռլանդացիների հետ: Արդեն իսկ Դուբլինում կայանալիք այդ խաղին, հնարավոր է, արգենտինացիների ղեկին լինի ուրիշ մարզիչ: Եթե Մարադոնան չմնա, ապա շատերի կարծիքով, ամենահավանական թեկնածուն չորս անգամ Լիբերտադորեսի գավաթը նվաճած Կառլոս Բյանկին է, որն այժմ գործազուրկ է: