Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 18-ին, մեղավոր ճանաչեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակած, մաքսանենգության համար նախկինում դատապարտված, Թալինի բնակիչ Արշակ Սվազյանին: Նա մեղավոր ճանաչվեց ՔՕ 117 հոդվածով եւ դատապարտվեց մեկ ամիս ժամկետով կալանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արշակ Սվազյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:
«Բացարձակ գոհ չենք, շատ խիստ դատավճիռ էր: Դատարանը հաշվի չառավ, որ Արշակ Սվազյանը ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, նաեւ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դեռ չեն խորհրդակցել ամբաստանյալի հետ` բողոքարկելու են վճիռը, թե ոչ:
Փաստաբանի կարծիքով՝ դատարանի նման խիստ պատիժը պայմանավորված էր նրանով, որ տուժողը ԱԺ պատգամավոր է:
«Դատարանը հաշվի չառավ, որ ԱԺ պատգամավորը իրեն ոչ հարիր պահվածք է դրսեւորել, իսկ ի՞նչ ա` եթե պատգամավոր է, պիտի ամենախիստ պատիժը տա՞յին: Շատ անարդար որոշում է, հասարակ քաղաքացի լիներ, ապտակի համար քրեական գործ չէին հարուցի»,-ասաց Լիանա Բալյանը:
Դատական նիստին այսօր չէին ներկայացել տուժող պատգամավորն ու նրա ներկայացուցիչը:
Նշենք, որ Արշակ Սվազյանը պատիժը դատարանի որոշմամբ կկրի քրեակատարողական հիմնարկում դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ հայհոյանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին:





























