Ազգային անվտանգություն ծառայությունը մերժել է Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեն Աթաջանյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ԱԱԾ-ն իր որոշման մեջ նշել է, թե այդ երկու դեպքերը իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են, թեեւ Աթաջանյանների խանութի վրա հարձակում կատարած Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը հակառակն էր նշել՝  հայտարարելով, թե պետք է մեկի գլուխ ջարդվեր, մի ապակի է ջարդվել:

ԱԱԾ-ի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է  Գլխավոր դատախազություն: Նախաքննական մարմինը դեռ ոչինչ չի պատասխանել առերեսումներ անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: