Խորթ հոր սպանության համար մեղադրվող ազգությամբ եզդի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով դատական նիստին, այսօր՝ հուլիսի 24-ին, դատարանը մասնակի բավարարեց կրկնակի դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու փաստաբան Մամիկոն Մուրադյանի միջնորդությունը:
Մամիկոն Մուրադյանի խոսքով՝ նախաքննական փուլում դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննությունները կատարվել են թերի:
«Հաշվի չի առնվել իմ պաշտպանյալի հոգեկան ապրումներն ու հոգեկան վիճակը դեպքի պահին, քանի որ Մաքսիմի մոտ առկա է եղել սրտթափոց եւ վատ ինքնազգացողություն է ունեցել, այս մասին վկաները եւս ասում են, իսկ փորձաքննությունում այս ամենը չի երեւում»-ասաց փաստաբան Մամիկոն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։



























