«Ոտքի Հայաստան» նախաձեռնության` օգոստոսի 21–ի բողոքի ակցիայի ժամանակ 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը շարունակում է աշխատել ոստիկանությունում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հակոբ Նազարի-Դեխնավին` ավելացնելով, որ Վարդգեսյանին լիազորություններն իրականացնելիս տեսել են իր ընկերները։
«Ազատության հրապարակում սեպտեմբերի 12–ին «Ոչ թալանինի» հավաքի ժամանակ ընկերներս ինձ ապտակողին տեսել են ոստիկանական հագուստով։ Ես անձամբ չեմ տեսել, բայց իմ ընկերներն ասացին` դու էն կողմից մտար, ինքը էս կողմից մտավ ավտոյի մեջ ու դուրս չեկավ, իրեն փախցրել են, իրենք միայն ստում են, նրան չեն ազատել աշխատանքից»,–ասաց Դեխնավին։
Հակոբ Նազարի-Դեխնավիի խոսքով` 1 ամիս առաջ իր հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն ոստիկանին ձերբակալելու ուղղությամբ ոչինչ չի արվում, գործը սառեցվել է։
«1 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել, բայց այդ ոստիկանը մինչեւ հիմա ձերբակալված չէ, եւ ինքը նույն պաշտոնում աշխատում է։ 16 օր առաջ վերջին անգամ հանդիպել եմ Հատուկ գործերով քննիչին, քննիչը մինչեւ այսօր որեւէ բան չի արել, ամեն ինչ նույն վիճակում է»,–ասաց նա։
Տղամարդու խոսքով` քննիչի ուղեգրով ինքը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, որի եզրակացությունը, ըստ քննիչի, կորել է։ Իսկ դատաբժշկական եզրակացությունում գրված է եղել, որ անհնար է ապացուցել, որ իր լսողությունը ոստիկանի ապտակից հետո է վատացել։
«Դեպքից տասն օր հետո ինձ հարցաքննել են, դատաբժշկական եզրակացությունն իմ ձեռքում է եղել, սակայն քննիչը 15 օր առաջ ասաց, որ դատաբժշկական եզրակացությունը կորել է։ Բայց պատճեներն իմ ձեռքում են։ Դատաբժիշկը կոծկման նպատակով գողական ռազբիրատի մակարդակով եզրակացություն է գրել, որում ասում է` իմ լսողության նախկին տվյալները բացակայում են, չի կարող ասել` հարվածից է լսողությունը զրոյացել, թե ոչ։ Երբ տեսան, որ ես շուխուր եմ անում, ասեցին` ճանապարհին կորել է»,–ասաց Հակոբ Նազարի-Դեխնավին։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:
Հաջորդ օրը, ըստ Ոստիկանության տեղեկության, Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն: Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:





























