Սահմանադրական  փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել  «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադեւոսյանը, որն ավելի վաղ NEWS.am–ին ասել էր, որ ընդամենը ընթացիկ աշխատանքային նիստ է լինելու։

Նա նշեց, որ ձեւավորել է շտաբը, նշանակվել է շտաբի պետի` Հովիկ Աբրահամյանի  վեց տեղակալ՝  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը:

«Նիստի ընթացքում շտաբի պետը հանձնարարականներ տվեց` աշխատանքներն ըստ ժամանակացույցի կազմակերպելու վերաբերալ։  Քննարկվեցին ընթացիկ աշխատանքները»,-ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման հոխրրդարանական համակարգին։