Տնտեսական, քաղաքական ու մշակույթային կապերը Ռուսաստանի հետ ծայրաստիճան ուժեղ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի հետ կապված զարգացումներից։ Դավութօղլուն նշել է, թե ինքն է զինված ուժերին հրահանգել, որ սահմանի խախտման դեպք լինի, անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։

«Սակայն տեղի է ունեցել միջադեպ, որը չէինք ցանկանա։ Դեպքից հետո իրականացրել ենք համապատասխան դիվանագիտական միջոցառումները։ Դիմել ենք ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, քանի որ խախտվել է նաեւ ՆԱՏՕ-ի սահմանը։

Չի կարող որեւէ խոսք լինել, թե տեղի ունեցածն ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Ուզում եմ այս կետը շեշտել, որ տնտեսական, քաղաքական ու մշակույթային կապերը Ռուսաստանի հետ ծայրաստիճան ուժեղ են։ Այս միջադեպով չենք ցանկանում լարել հարաբերությունները»,-ասել է Դավութօղլուն։