Ամերիկյան Սանտա Անա քաղաքի (Քալիֆորնիայի նահանգ) Orange County խիստ ռեժիմի բանտից փախուստի դիմած հանցագործին համեմատել են «Գառների լռությունը» ֆիլմի մոլագար Հանիբալ Լեքթերի հետ, հաղորդում է Fox News-ը:

Շրջանի գլխավոր դատախազի տեղակալ Հիզեր Բրաունը նրան նկարագրել է որպես «դաժան, ճկուն ու խորամանկ սատանա»:

Խոսքը նախկին ծովային հետեւակային, ծագումով իրանցի 37-ամյա Հուսեյն Նայերիի մասին է: 2012 թվականին նա մասնակցել է թմրադիլերի առեւանգմանը՝ նրան կասկածելով փողերը թաքցնելու մեջ: Նա թմրավաճառին կտտանքների է ենթարկել զոդման լամպով: Նա նաեւ պարտադրել է մեկ այլ կասկածյալի կտրել թմրավաճառի սեռական անդամը, հաղորդում է Lenta-ն:

Հունվարի 22-ին երեք բանտարկյալներ, այդ թվում Նայերին, փախուստի են դիմել հատուկ բանտից: Նարնց հաջողվել է կտրել իրենց խցերի հաստ պողպատե վանդակաճաղերը, մտնել ջրատար խողովակ, իսկ հետո պարանների օգնությամբ իջնել 5 հարկ բարձրությունից:

Բանտի ղեկավարության խոսքով, հաստատության պատմության մեջ սա առաջին նման դեպքն է վերջին 20 տարվա ընթացքում: Ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած հանցագործներին: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին խոստացել են 50 հազար դոլար: