Շուրջ 40 րոպե առաջ Նոր Նորք վարչական շրջանում Բաղյան փողոցի եւ Գայի պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել Suzuki մակնիշի 15 ՍՏ 520 համարանիշի մեքենան եւ 15 համարի երթուղային տաքսին (ֆոտոռեպորտաժ): Դեպքի վայրից մոտ 300-350 մետր ներքեւ ոստիկանները հայտնաբերել են նաեւ 28 համարի երթուղային տաքսին, որը, թերեւս վթարի ենթարկված երրորդ մեքենան է: Թե ով է եղել վթարի հիմնական մեղավորը, կպարզի ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրասպորտային հանցագործությունների քննության բաժինը:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից 7 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:
Իրավիճակը բավականին լարված է ճանապարհի այդ հատվածում: Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության, Երեւանի ճանապարհային ոստիկանության ու պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
«Մինչ ոստիկանության ժամանելը ականատես եղա, թե ինչպես էին մի քանի քաղաքացիներ միմյանց հարվածում ու հայհոյանքներ տալիս»,- նշեց Գ. Շամշյանն ու հավելեց, որ այս պահին Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում են տեղանքից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին:
Այս պահին դեպքի վայրում կատարվող աշխատանքները ղեկավարում է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Հենց նոր վթարի վայր են ժամանել Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Մուշեղ Օհանյանն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























