Գառնեցիները 9 ժամ է` փակ են պահում Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը: Վաղ առավոտից նրանք բողոքի ցույց են իրականացնում` կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան:
Մի քանի ժամ տեւած ցույցի արդյունքում շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել տարածքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչներից Արմեն Հարությունյանը:
«Ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ տեխնիկան էլ դուրս հանեն տարածքից, եւ մեր հարցին վերջնականապես լուծում տան: Ազատ գետից ջրի դուրսբերումը կհանգեցնի գետի ցամաքման, մարդիկ այլեւս չեն կարողանա իրենց այգիները, հողատարածքները ոռոգել, ամբողջ տարածքը անապատի կվերածվի, մարդիկ կթողնեն կարտագաղթեն: Մենք դա թույլ տանք չենք կարող»,- նշեց Արմեն Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գառնիի մի քանի հարյուր բնակիչ այսօր՝ ապրիլի 13-ին, փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը ճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: Այնտեղ է նաեւ Կոտայքի մարզի ոստիկանապաետ Վարդան Վարդանյանը, որը փորձում է բնակիչներին համոզել դադարեցնել ցույցը եւ բացել ճանապարհը:
Նշենք, որ այսօր ցուցարարների հետ հանդիպել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Արամ Հարությունյանը հորդորել է գառնեցիներին բացել ճանապարհը եւ խնդիրը լուծել քննարկումների արդյունքում: Գառնեցիները, սակայն, անդրդվելի են մնացել:
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:





























