News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգ-բանակն այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքին երջանկացնելու կեղծ եւ անիրականանալի երազանքով: Այս մասին, պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում իր ելույթում նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաեւ երկարատեւ մարտահրավեր է: Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, այլեւ կարողացել ենք պաշտպանել այն դաժան եւ անհավասար, բայց դրանից միայն ավելի հերոսական պատերազմում: Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի զրկանքների, սոցիալական հարաբերությունների պատռտված պաստառից սկսեց վերածնվել «Հայաստան» կոթողային կտավը:

25 տարի առաջ պատմությունը մեզ մատուցեց մի անակնկալ, որին երկար էինք սպասում, երկար էինք պատրաստվում, երազում, բայց ինքներս էլ չէինք գուշակում, որ դա այդքան արագ տեղի կունենա: Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգեւորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: Մեր աչքի առջեւ, ավելի ճիշտ` հենց մեր շուրջ փլվում էր գերտերությունը` իր հետ տանելով մեր թվացյալ բարեկեցությունն ու հանդարտությունը, կանխատեսելիությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը:

Կայծակնային արագությամբ կյանքը սովորեցրեց մեզ անհնարին թվացող բաների` խրամատներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել, զենք հայթայթել, ընկերներ հուղարկավորել, կտրոնով հացի հերթ կանգնել, բազմաբնակարան շենքերում փայտե վառարարաններ վառել: Թվում էր, թե ողջ աշխարհն է փուլ եկել, եւ կյանքն այլեւս երբեք չի լինի նույնը:

Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք եւ հպարտություն բերած բանակ է: Այն ազգային բանակ է, քանի որ միշտ ծառայել է իր ազգին եւ ազգային գաղափարներին:

Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: Հաշվի առնելով, որ տարածքով, բնակչությամբ եւ երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից: Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից: Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչեւ ալեհեր տարեց` համազգեստավոր է: Չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի:

Ազգ-բանակը այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանակում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության եւ գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձեւավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը:

Ազգ-բանակը այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում, եւ ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ:

Դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որ փոխանցում է իր ժողովրդին,

Ազգ բանակը այն հասարակությունն ու զինված ուժերն են, որոնց միջեւ շարժն աննկատ է: Ուր նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր` մեկ քայլ է: Ուր տնտեսությունը աճում եւ ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում է այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ:

Ազգ բանակը այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը եւ դեպի իր սպայական անձնակազմը:

Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված եւ մեծարված քաղաքացին է: Բայց նաեւ այն սպան է, ով բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է:

Ազգ բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմիանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ:

Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վերացման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է,

Ազգ բանակը դա այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները,

Ազգ բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական եւ քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի եւ կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան:

Մենք դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտու­թյուն: Իսկ դա նշանակում է, որ անհամաչափ մեծ թվով մեր քաղաքացիներ զորացրվելու են եւ անցնելու են զինվորական թոշակի: Որպեսզի այդ զինվորական թոշակառուները երբեեւ չհամարվեն բեռ, մենք պետք է այնպես անենք, որ ծառայության ողջ ընթացքում հայոց բանակի սպան կարողանա կատարելագոր­ծել իր գիտելիքներն ու հմտությունները` պատրաստե­լով իրեն զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելուն եւ իր հետ տնտեսություն, արդյունաբերություն, գիտու­թյուն, կրթություն բերելով բանակային կարգա­պահության, հայրենասիրության, արհես­տա­վարժության, բարեկրթության ավանդույթները` դրանով իսկ ամրապնդելով մեր պետության անառիկությունը:

Ազգ-բանակը դա նաեւ այն հասարակությունն է, որը մշտապես կանգնած է իր զինվորական հաշմանդամի, իսկ եթե տեղի է ունեցել անուղղելին` նաեւ զոհվածի ընտանիքի կողքին:

Ազգ բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապարհում է իր որդուն բանակ:

Բայց դա նաեւ այն բանակն է, որ ամուր է պահում զինվորի, հատկապես` ժամկետային զինվորի կապն իր ընտանիքի հետ եւ չի դառնում զավակին ընտանիքից մեկուսացնող պատժիչ հաստատություն:

Ազգ բանակը այն ռազմական ուսումնական հաստատություններն են, որոնց շրջանավարտ լինելը պատվաբեր է եւ հարգի, քանի որ նրանց տված ուսումը պահանջված է եւ աշխատանք երաշխավորող, դասախոսները բանիմաց են եւ հմուտ, կուրսանտները երջանիկ են եւ պրպտուն, միջավայրն էլ ընկերական է եւ տրամադրող,

Դա նաեւ այն սպան է, որի զավակը առանց երկմտելու պատասխանում է, որ իր հայրիկի կամ մայրիկի նման երազում է եւս սպա դառնալ,

Ազգ բանակը այն գործարարն է, որը բանակին ծառայություն մատուցելը համարում է պատիվ եւ պատասխանատվություն: Որը հացը իր պարտավորվածից մի քանի գրամ էլ ավել է թխում, որ զինվորը կուշտ լինի, իսկ իր արտադրանքի մեջ օգտագործում է այնպիսի սննդամթերք, որ զինվորն առողջ լինի եւ հպարտությամբ կարողանա իր զավակներին համտեսելու տա` բացատրելով, որ համեղ է ու օգտակար, որովհետեւ այն բանակի համար է:

Բայց դա նաեւ այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքին երջանկացնելու կեղծ եւ անիրականանալի երազանքով:

Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխար­հի բոլոր հնարավոր եւ անհնար հիվանդու­թյունները, որից չեն ծլկում` պետության հաշվին ռազմաբժշկական ֆակուլտետում ան­վճար կրթություն ստանալուց հետո` հատուկ կտրվելով ինտերնատուրայի քննություններից,

Ազգ բանակը այն հրամանատարն է, որը չի վախենում, որ իր զինվորը լինի ուժեղ, ինքնավստահ եւ հանդուգն: Դա այն հրամանատարն է, որ տարբերություն չի դնում իր զավակի եւ իր զինվորի միջեւ, որը չի փորձում ինքնահաստատվել իրենից կախման մեջ գտնվող շարքայինի հաշվին:

Ազգ-բանակը դա այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում եւ իրենց փորձն են փոխանցում տարիքով եւ կոչումով ավագ գործընկերները:

Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բաոյականության եւ սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության,

Ազգ բանակը այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրա­վորի փրկության համար, դա այն ռեժիսորն է, որի ֆիլմում սպայի եւ զինվորի կերպարն ամենադրականն է, այն երգահանն է, որի «Պատիվ ունեմ» երգը հուզում է յուրաքանչ­յուրին` անկախ իր մասնագիտու­թյու­նից, դա այն մարզիկն է, որ օլիմպիա­կան խաղերում հաղթելով պարգեւատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը, դա այն մանուկն է, որը զինվորի համար ծանրոց է ուղարկում զորամաս` իր կուտակած դրամների հաշվին:

Ազգ բանակը դա այն բանակն է, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, եւ որը շիտակ ու վստահ է խոսում իր մեծ եւ փոքր գործընկերների հետ:

Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, անվե­րա­պահ նվիրում, բարձր ինքնագիտակցություն, զոհողություն: Ուրեմն ո՞վ, եթե ոչ զինվորականները կարող են եւ պետք է անեն առաջին քայլն այս ուղղությամբ:

Ամենամեծ պարադոքսն այն է, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր եւ նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ կիրականացնենք այդ գաղափարը:

Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: Ամենագլխավորը, ունենք ազգ-բանակ տիրույթում բանակի դիրքերը հուսալի պահելու եւ այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռ­նարկելու հարցում պետության ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամա­նատարի վստահությունն ու ակնկա­լիքը:

Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ