Wikileaks կայքում Իրաքի պատերազմի մասին գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում:
Այսպես, բրիտանական The Guardian թերթը այդ տվյալների հիման վրա ինտերակտիվ քարտեզ է հրապարակել, որտեղ կարմիր կետերով նշվել են սպանություններն ու մահերը ռազմական գործողությունների ընթացքում:
Կարմիր կետերի վրա սեղմելիս բացվում է պատուհան, որտեղից կարելի է տեղեկություններ քաղել: Պենտագոնն արդեն դատապարտել է «իրաքյան թղթապանակի» հրապարակումը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, WikiLeaks կայքէջը իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար գաղտնի փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթղթերը ներառում են 2004 թվականի հունվարի 1-ից 2009 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
«Դրանք մանրամասն տեղեկատվություն են տալիս իրաքյան իրադարձությունների մասին, որոնց ականատեսն են եղել ամերիկացի զինծառայողները»,- ասված է կայքէջում։
Փաստաթղթերում ասվում է, որ այդ ժամանակահատվածում Իրաքում զոհվել է ավելի քան 109 հազար մարդ։ Նրանցից 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ, 23 հազար 984-ը՝ զինյալներ, 15 հազարը՝ զինծառայողներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ 3 հազար 771 ամերիկացի եւ նրանց դաշնակից զինվորականներ։ Միջին հաշվով Իրաքում օրական 31 խաղաղ բնակիչ է սպանվել։
Այնտեղ նաեւ ասվում է, որ Իրաքի իրավապահ մարմիններն անմարդկային կտտանքների են ենթարկել ձերբակալվածներին։





























